Աշխարհ

04.04.2021 08:59


Հորդանանում հեղաշրջման փորձ է կանխվել

Հորդանանում հեղաշրջման փորձ է կանխվել

Հորդանանյան Petra լրատվական գործակալությունը հայտնել է, որ մայրաքաղաք Ամմանում ձերբակալվել են թագավորական ընտանիքի անդամ Շերիֆ Հասան բեն Զաիդը և թագավոր Աբդալլահ II-ի նախկին խորհրդական Բասեմ Ավադալլին, հաղորդում է ТАСС-ը:

Հաղորդվում է, որ ևս մի քանի մարդ «անվտանգության նկատառումներից» ելնելով է ձերբակալվել:

Համաարաբական Al Mayadeen հեռուստաալիքն էլ հայտնել է, որ Ամմանում թագավոր Աբդալլահ Երկրորդին իշխանությունից հեռացնելու դավադրություն է բացահայտվել: Ըստ աղբյուրի՝ տնային կալանքի տակ է նախկին թագաժառանգ-արքայազն Համզա բեն Հուսեյնը, և որ ձերբակալված է շուրջ 20 բարձրաստիճան սպա:

Հորդանանի նախկին թագաժառանգ արքայազն Համզա բեն Հուսեյնը տեսաուղերձ է հրապարակել՝ հայտարարելով, որ կառավարության հասցեին հնչեցրած քննադատությունների պատճառով տնային կալանքի տակ է գտնվում:

«Ինձ առավոտյան Հորդանանի ԶՈՒ ԳՇ պետն է այցելել ու տեղեկացրել, որ ինձ արգելված է դուրս գալ փողոց, շփվել մարդկանց հետ, քանի որ այդպիսի հանդիպումների, զրույցների ժամանակ իշխանությունների հասցեին ուղղված քննադատություն է առկա եղել»,-նշել է թագաժառանգը:

Միաժամանակ, թագաժառանգը կառավարության աշխատանքն անբավարար է որակել:

«Ես չեմ այն մարդը, որը պատասխանատու է կառավարումը տապալելու, կոռուպցիայի, ոչ արհեստավարժության համար, որոնք մեր պետական կառավարման համակարգում գերակա են եղել վերջին 15-20 տարում»,-նշել է Հուսեյնը։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը