Նորից մասնագիտությանս բերումով ստիպված եմ արձագանքել ՀՀ դե ֆակտո իշխանության վառ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ փոխխոսնակի հետևյալ տգետ մտքին, որն ակտիվորեն տարածում են նաև այլ քաղաքական գործիչներ։ Այսպես, անդրադառնալով Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերություններին՝ նա ասել է. «Իրականում չթշնամանքը կառուցողականություն է, ի՞նչն է մեզ խանգարում լինել կառուցողական»։
Իսկ այժմ հերթականությամբ դիտարկենք Թուրքիայի և Հայաստանի դիրքորոշումները.
Թուրքիան է Հայաստանի հետ ավելի քան 28 տարի միակողմանիորեն փակ պահում սահմանները և չի հաստատում դիվանագիտական հարաբերությունները։
Թուրքիան է Հայաստանի հետ խոսում սպառնալիքների և նախապայմանների լեզվով։
Թուրքիան է Հայաստանի բանակի դեմ անխափան կիրառել նորագույն զենք և զինամթերք։
Թուրքիան է Հայաստանի ու հայերի դեմ ուղարկել սիրիացի վարձկանների։
Թուրքիան է նախագծել և ռազմավարական մակարդակում վարել Հայաստանի ու Արցախի դեմ վերջին պատերազմը։
Թուրքիան է այսօր նախապայման դնում Հայաստանի հետ հարաբերությունների հաստատման համար՝ մասնավորապես պահանջելով հրաժարվել Արցախից, մոռացության մատնել Հայոց ցեղասպանությունը և թուրքական կապիտալին տրամադրել անարգել մուտք Հայաստան։
Թուրքիան է Ադրբեջանի հետ քննարկում Հայաստանին բանակից զրկելու հեռանկարը (հունվար-փետրվար ամիսներին քննարկվել է թուրքական խորհրդարանում)։
Թուրքիան է սատարում Ադրբեջանի նկրտումները ՀՀ սուվերեն տարածքի վրա։
Թուրքիան է օգնում Ադրբեջանին դիմակայել հայ ռազմագերիներին չվերադարձնելու պատճառով վերջինիս դեմ միջազգային ճնշմանը։
Հայաստանն է անկախությունից ի վեր կողմ է եղել Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների հաստատմանն ու երկխոսությանը։ Այդ ուղղությամբ արվել են նաև համապատասխան քայլեր (1990-ականներից մինչև «Ֆուտբոլային դիվանագիտություն»)։
Ուրեմն Հայաստանը մշտապես եղել է ոչ միայն կառուցողական, այլև երկխոսության կողմնակից նախաձեռնող կողմ։ Սակայն Հայաստանի ներկայիս դեֆակտո իշխանությունները Հայաստանի հանդեպ Թուրքիայի բացահայտ թշնամանքի մեջ փաստացի մեղավոր են կարգում մեզ։ Ավելին, նրանք այս պահին հետևողական կերպով ոչնչացնում են այն բոլոր գործիքները, որոնք մեզ թույլ են տալիս Թուրքիայի հետ բանակցել «հավասարը հավասարին» դիրքերից (Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը դրանցից միայն մեկն է)։
Մեկընդմիշտ արձանագրենք, որ Հայաստանի հանդեպ Թուրքիայի թշնամանքի պատճառը ոչ թե մենք ենք, այլ այն, որ Թուրքիայի ռազմավարական պլաններում այս տարածքում հայկական անկախ պետականությունը չպետք է լինի։ Այլ խոսքով՝ մենք որքան էլ լինեք թրքասեր ու խաղաղ, ընդամենը ավելի ենք հեշտացնելու Հայաստան պետության վերացումը և վիլայեթացումը։
Ստիպված եմ արձագանքել ՀՀ ԱԺ փոխխոսնակի տգետ մտքին