Լրահոս

30.05.2011 18:33


Երևանի «Արարատ» կոնյակի, գինու և օղու գործարանի տնօրինության հայտարարությունը

Հայտնում ենք, որ Գագիկ Ծառուկյանի կողմից Բելառուսում կառուցվող կոնյակի գործարանը հայ-բելառուսական հերթական համատեղ նախաձեռնությունն է, որն իրականանում է երկու երկրների օրենսդրությամբ նախատեսված համապատասխան իրավա-պայմանագրային հիմքով:

Ցանկանում ենք հանգստացնել հայկական կոնյակի պատվով «մտահոգ» բոլոր մարդկանց. Բելառուսում արտադրվող կոնյակը չի կրելու «հայկական կոնյակ» անվանումը, և արտադրանքը լիովին համապատասխանելու է Հայաստանի ու Բելառուսի Հանրապետությունների օրենսդրությամբ ամրագրված պահանջներին:

Իսկ հայկական կոնյակի պատվով իրապես մտահոգ մարդկանց տեղեկացնում ենք, որ 2002թ-ից ի վեր, երբ Գագիկ Ծառուկյանը լիովին «հողին հավասարված վիճակում» ձեռք բերեց կոնյակի գործարանը, կատարվեցին միլիոնավոր դոլարների հասնող ներդրումներ, ինչի արդյունքում փրկվեց մեր պատմական հարստությունն ու վերականգնվեցին հայկական կոնյակագործության երբեմնի ավանդույթները: Մեր արտադրած հայկական կոնյակը կարողացավ միջազգային շուկայում իր հաստատուն տեղը գրավել, վերանվաճել իր կորցրած դիրքերը` դառնալով Կրեմլի պաշտոնական մատակարարը:

Ինչ վերաբերում է Բելառուսում կառուցվող կոնյակի գործարանի արտադրանքին, ապա տեղեկացնում ենք, որ բելառուսական կողմի հետ կնքած պայմանագրի համաձայն, այնտեղ շշալցվելու է իրենց ստանդարտներին (СТБ 1386-2003) համապատասխան կոնյակ, որպես հումք օգտագործելով նաև Հայաստանում մթերված խաղողի սպիրտը:

Այս նախագծի իրականացումը թույլ կտա էականորեն մեծացնել Երևանի «Արարատ» կոնյակի, գինու և օղու գործարանի կողմից խաղողի մթերումների ծավալը:

Այդ նպատակով, բացի Արարատի և Տավուշի մարզերից, այս տարի Արմավիրի մարզում ևս արդեն կատարվել են մեծ ներդրումներ, ձեռք է բերվել խաղողի մթերման նոր կետ, որպեսզի մեր խաղողագործները կարողանան ժամանակին և անկորուստ հանձնել խաղողի բերքն ու վճարումների հետ կապված որևէ խնդիր չունենան:

Իրականում հայկական կոնյակի պատիվը պետք է այսպես` գործով պահել, քանի որ այն մեր ազգային հարստությունն ու հպարտության առարկան է:

Երևանի «Արարատ» կոնյակի, գինու և օղու գործարանի տնօրեն Մարինե Հարությունյան

Այս խորագրի վերջին նյութերը