Լրահոս

30.05.2011 15:33


Orange Նորարարության մրցույթի հաղթողը ԵՊՀ չորրորդ կուրսի ուսանող Դավիթ Վարդանյանն է

Orange Նորարարության մրցույթի հաղթողը ԵՊՀ չորրորդ կուրսի ուսանող Դավիթ Վարդանյանն է

Այսօր Orange-ը հայտարարեց հայ ուսանողների համար նախատեսված 2011թ. Նորարարության մրցույթի հաղթողի անունը: Լավագույնը ճանաչված նախագծի հեղինակը Երևանի Պետական Համալսարանի Ինֆորմատիկայի և Կիրառական մաթեմատիկայի 4-րդ կուրսի ուսանող Դավիթ Վարդանյանն է, որը ներկայացրել էր նախագիծ էլեկտրոնային քվեարկության վերաբերյալ: Որպես մրցանակ`Դավիթը ստացել է հնարավորություն մեկնել Ֆրանսիա` 6-ամսյա վճարվող պրակտիկայի Orange-ի գիտահետազոտական լաբորատորիաներից մեկում և աշխատելու նորարարական նախագծերի վրա:

«Մենք բոլորս հիացանք Դավիթի հետաքրքրասեր բնավորությամբ: Նա այն ուսանողներից է, որքեր չեն բավարարվում համալսարանական կրթության տված գիտելիքներով և որոնում են ավելի ու ավելի շատ գիտելիքներ: Վստահ եմ, որ այս հնարավորությունը նրա մասնագիտական կյանքում բեկումնային է լինելու: Յուրաքանչյուր ուսանողի համար` նույնիսկ ամենապատրաստվածի, կարիերայի ընթացքում  ամենադժվար պահն անցումն է կրթությունից դեպի աշխատանք: Դավիթն իր առաջին աշխատանքային փորձն ունենալու է աշխարհի լավագույն գիտահետազոտական ցանցերից մեկում: Կրկին շնորհավորում եմ նրան այս հաջողության համար, ցանկանում եմ, որ երբեք չդադարի սովորել և երբեք չդադարի փնտրել նորարարական լուծումներ իր աշխատանքում»,-ասաց Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:

Բարձր գնահատելով նաև մրցույթին մասնակցած մեկ այլ ուսանողի` Գևորգ Պողոսյանի աշխատանքը և բարձր պատրաստվածությունը, որն ըստ ժյուրիի քվեարկության գրավել է երկրորդ տեղը, Orange Արմենիան վճռել է հատուկ մրցանակ տալ նրան` հրավիրելով աշխատանքային պրակտիկա անցնելու Orange Արմենիայում: Գևորգը նույնպես ԵՊՀ-ի ուսանող է, սովորում է Ռադիոֆիզիկայի ֆակուլտետի մագիստրատուրայում և ներկայացրել էր նախագիծ կարճ հաղորդագրությունների կիրառման նոր մոտեցման վերաբերյալ: Orange Արմենիան չի բացառում հետագայում նրա գաղափարի կիրառումն իր ցանցում:

Orange Նորարարության 2011թ. մրցույթն անցկացվեց Երևանի Պետական Համալսարանի և Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարանի (Պոլիտեխնիկ) ուսանողների համար մարտի 4-ից ապրիլի 20-ը, որի ընթացքում ուսանողները ներկայացրեցին իրենց նորարարական գաղափարները: 11 հոգուց կազմված Ժյուրին, որի կազմում էին Orange Արմենիայի հայ և արտասահմանցի 7 մասնագետներ, Orange Lab-երի 2 ներկայացուցիչ, ինչպես նաև` մեկական ներկայացուցիչ ԵՊՀ-ից և ՀՊՃՀ-ից, գնահատեցին ներկայացված նախագծերն ըստ հետևյալ չափանիշների. նորարարական, հետաքրքիր, օգտակար և հեշտ կիրառվող:

Այս խորագրի վերջին նյութերը