Տնտեսական

26.03.2021 15:51


Առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճը 40-50 տոկոս է․ թանկացել է նաև ծխախոտը՝ մի գիշերում 25 տոկոսով. Արմեն Պողոսյան

Առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճը 40-50 տոկոս է․ թանկացել է նաև ծխախոտը՝ մի գիշերում 25 տոկոսով. Արմեն Պողոսյան

Հայաստանի սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանն արժանահավատ չի համարում Վիճակագրական կոմիտեի կողմից 6-6.5տոկոս գնաճի մասին տեղեկությունը՝ հայտնելով, որ իրենց մոտավոր ուսումնասիրություններով՝ 20 տոկոսից ոչ պակաս է գնաճը:

«Սակայն խնդիրն այն է, որ առաջին անհրաժեշտության ապրանքների մասով, այդ թվում՝ հաց, շաքարավազ, բուսական յուղ, ձու, գնաճը 40-50 տոկոս է: Թանկացել է նաև ծխախոտը՝ մի գիշերում՝ 25 տոկոսով:

ԱԺ-ում Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հրատապ հարցերով քննարկում է անում, և ավարտին ղեկավարի տեղակալը ասուլիս է տալիս՝ հայտարարելով․մենք եկանք եզրակացության, որ մեր տնտեսության պրոբլեմատիկ վիճակը պայմանավորված է երկու պատճառով՝ կորոնավիրուսով և պատերազմով: Այս դեպքում ասում են՝ հասանք հատակին, տակից ծեծեցին»,-ասուլիսի ժամանակ ասաց Արմեն Պողոսյանը:

Խոսելով ձվի գնի կտրուկ բարձրացման մասին՝ նա նշեց. «Ձվի առավելագույն գինը 70 դրամ էր, հիմա 100-ից ավելի է: Հայաստանը միշտ եղել է ձու արտահանող երկիր. ինքս Վրաստանում տեսել եմ, որ վաճառվում է հայկական ձու: Ձվի և թռչնամսի արտադրությունն այնպիսի մի բացառիկ առանձնահատկություն ունի, որ ներդրումը կարող է 20 օր հետո արդեն արդյունք տալ: 20 օրական ճուտն արդեն վաճառքի ենթակա ապրանք է, այսինքն՝ դու արդյունքը շատ արագ ես ստանում»,-ընդգծեց Հայաստանի սպառողների ասոցիացիայի նախագահը:

Նրա դիտարկմամբ՝ գյուղատնտեսական ապրանքների արտադրության մեջ երկու կարևոր հանգամանք կա. գնումները, սելեկցիոն աշխատանքը:

«Պետք է գնումներ կազմակերպել, մրցակցային պայմաններ ստեղծել: Գյուղացիները լացում էին բառի բուն իմաստով՝ ասելով, որ ձմերուկն իրենցից գնում են 40 դրամով: Կաթը գնում են 70 դրամով ու այստեղ վաճառում 250 դրամից ոչ պակաս: Սա ստացվում է մարդուն դաժան շահագործել: Չկա մրցակցային դաշտ: Կովերը տարեկան տալիս են 3000 կգ կաթ, Ռուսաստանում՝ 5000-8000, իսկ սկանդինավյան երկրներում՝ 10.000-12.000: Մեկ կովի փոխարեն՝ մենք պետք է երեքը պահենք, որ համապատասխան արտադրանք ունենանք, սակայն այս փորձը չի արվել»,-նշեց Արմեն Պողոսյանը:

Հարցին՝ ի վերջո, ո՞րն է գնաճի պատճառը, Հայաստանի սպառողների ասոցիացիայի նախագահը պատասխանեց. «Մրցակցությունը, որը որ չկա, և սրա պատճառը ոչ կոմպետենտ ղեկավարներն են»:

Աղբյուրը` 168.am

Այս խորագրի վերջին նյութերը