Մեզ պարտության մատնած, նվաստացրած, Արցախը հանձնած երևույթին սատարող գործիչներն ու ամբոխը եհուներ են
ԵՀՈՒՆԵՐԸ
Պարտությունից, Արցախի կորստից հետո, զարմանքով տեսնելով մեր ժողովրդի բավականին մեծ մասի անտարբերությունը մեզ հասած ողբերգության նկատմամբ, ավելին՝ հայրենիքը հանձնած բռնապետիկի պաշտպաններին, մտաբերում եմ իմ ամենասիրելի՝ Ջոնաթան Սվիֆթի «Գուլիվերի ճանապարհորդությունները» ստեղծագործությունը։ Վերը նշված զանգվածները կարծես մեկը մեկին համընկնում են, վեպի վերջին՝ «Ճանապարհորդություն դեպի Հուինհընմների երկիրը» գլխում նկարագրված մարդկային ցեղին՝ ԵՀՈՒՆԵՐԻՆ ։ Այո, մեզ պարտության մատնած, նվաստացրած, Արցախը հանձնած երևույթին սատարող գործիչներն ու ամբոխը եհուներ են։
Վերջապես դաշտում ես տեսա ինչ֊որ կենդանիների․ մի երկուսն էլ նստել էին ծառերի վրա։ Դրանց վերին աստիճանի տարօրինակ և այլանդակ տեսքը մի փոքր շփոթեցրեց ինձ, ուստի ես պառկեցի մի թփի տակ՝ ավելի լավ դիտելու համար։ Նրանցից մի քանիսը մոտեցան այն տեղին, ուր ես էի պառկել, և հնարավորություն տվին ինձ ավելի որոշակի դիտելու իրենց կերպարանքը։ Նրանց գլուխն ու կուրծքը ծածկված էին խիտ մազերով, մի քանիսներինը՝ գանգուր, մյուսներինը՝ հարթ․ նրանց մորուքը նման էր այծի մորուքի․ նրանց մեջքն ու թաթերի առաջին մասերը պատած էին շերտ֊շերտ մազերով, իսկ մարմնի մյուս մասերը լերկ էին, այնպես որ ես կարողանում էի տեսնել նրանց մորթը, որ մուգ դարչնագույն էր։ Նրանք պոչ չունեին, իսկ նրանց հետույքը մերկ էր, բացառությամբ այն տեղի, ուր հետին անցքն էր․ թվում է, որ բնությունն այդ տեղը պատել է մազերով, գետնին նստած ժամանակ պաշտպանելու համար․ այդ արարածները նստում էին, պառկում և հաճախ կանգնում իրենց հետին թաթերի վրա։ Նրանք սկյուռի ճարպկությամբ մագլցում էին բարձր ծառերի վրա, որովհետև իրենց հետին և առաջին թաթերին ունեին սրածայր և կեռ ճանկեր։ Նրանք հաճախ զարմանալի ճկունությամբ թռչկոտում էին և մագլցում ամենաբարձր ծառերը։ Էգերն ավելի փոքր էին, քան արուները․ նրանց գլխի մազերը երկար էին, իսկ դեմքերը՝ մաքուր, միայն մարմնի մի քանի մասերը ծածկված էին բարակ աղվամազով, բացի հետույքի անցքն ու ամոթալի տեղերը․ նրանց ծծերը կախված էին առաջին թաթերի միջև և հաճախ, երբ նրանք չորեքթաթ անելով սողում էին՝ այդ ծծերը համարյա թե դիպչում էին գետնին։ Երկու սեռն ուներ տարբեր գույնի մազեր՝ դարչնագույն, կարմրագույն, սևագույն և ոսկեգույն։ Մի խոսքով իմ բոլոր ճանապարհորդությունների ընթացքում չէր պատահել ավելի զզվելի կենդանի, որ առաջին իսկ հայացքից կարողանար ինձ այդչափ նողկանք պատճառել։ Մտածելով, որ հարկավոր չափով դիտեցի նրանց, ես, զզվանքով ու գարշանքով լցված, շարունակեցի իմ ճանապարհը մի որևէ հնդիկի խրճիթ գտնելու հուսով։ Մի փոքր անց ես հանդիպեցի այդ արարածներից մեկին, որ ուղղակի դեպի ինձ էր գալիս։ Այլանդակ ճիվաղը երբ նկատեց ինձ ծամածռեց դեմքը և աչքերը սևեռեց վրաս, կարծես թե առաջին անգամն էր տեսնում ինձ նման մի մարդու․ ապա մոտեցավ ու բարձրացրեց իր առաջին թաթը՝ միայն չհասկացա՝ հետաքրքրությունի՞ց դրդված, թե՞ չարամտությունից։ Ես հանեցի իմ սուրն և նրա տափակ կողմով ուժեղ խփեցի նրան, որովհետև չուզեցի զարկել սուր բերանով, վախենալով, թե միգուցե այդ երկրի բնակիչները գրգռվեն իմ դեմ, երբ իմանան, որ ես իրենց կենդանիներից մեկին սպանել եմ կամ վնասել։ Այդ անասունը ցավից ետ փախավ ու ճչաց այնքա՜ն բարձրաձայն, որ հարևան դաշտից վրա վազեց մի ամբողջ հոտ՝ մոտ քառասուն նրա նման արարածներ, որոնք ոռնալով ու դեմքերը ծամածռելով շրջապատեցին ինձ։ Ես ետ քաշվեցի դեպի ծառի բունը և մեջքս հենելով՝ սկսեցի թափահարել սուրս, չթողնելով, որ մոտենան ինձ։ Այդ անիծյալ ճտերից մի քանիսը հետևիցս բռնեցին ծառի ճյուղերն ու բարձրանալով ծառի վրա, սկսեցին այնտեղից արտաթորել ուղիղ իմ գլխին։ Ես հաջող կերպով խույս էի տալիս՝ կպչելով ծառի բնին, բայց ամեն կողմից թափվող կղկղանքի հոտը քիչ մնաց, որ շունչս կտրեր։
Մեզ պարտության մատնած, նվաստացրած, Արցախը հանձնած երևույթին սատարող գործիչներն ու ամբոխը եհուներ են