Հայաստանի նկատմամբ նոր պատերազմի սանձազերծման վտանգն անհապաղ կվերանա հենց այն պահից, երբ Հայաստանի այս իշխանությունը անվերադարձ կհեռանա:
Այս պնդման հիմնավորումը շատ պարզունակ է` այլևս իշխանության չի լինի այն քաղաքական միավորը, որը կարող է երկրի ներսից ապահովել թշնամու հաջողությունները, բացահայտ սպասարկել թուրքական օրակարգը: Արդյունքում` կսկսի անխափան աշխատել թշնամական ուժերի հերթական ագրեսիան զսպող պետական մեքենայի արտաքին քաղաքական, անվտանգային, պաշտպանական ու տնտեսական ոլորտներում դեռևս առողջ մնացած հատվածը:
Ադրբեջանն անմիջապես կվերադարձնի հարյուրավոր գերեվարվածներին, որովհետև նրա մոտ այլևս որևէ իմաստ, կամ շարժառիթ չի մնա միջազգային տարբեր ատյանների ճնշումներին դիմակայելով` պահել նրանց:
Այժմ գերիներին պահելու շարժառիթները շատ առարկայական են.
առաջին` Հայաստանի ներքին քաղաքական կյանքում թրքանպաստ օրակարգը սպասարկելու նպատակով հարմար պահին մի մասին վերադարձնել, և ներկայացնել դա, որպես բարի կամքի դրսևորում, միաժամանակ սպասարկելով թուրքերի հետ անհապաղ հաշտության գնալու վարչախմբի ջանքերը,
երկրորդ` սպասվելիք հնարավոր նախընտրական փուլում (եթե կայանան) մի մասին վերադարձնել, և ներկայացնել դա, որպես գործող վարչախմբի ձեռքբերում:
Եզրահանգումը մեկն է` բոլոր գերիների անհապաղ վերադարձ կարող է լինել միայն և բացառապես այս վարչախմբի հեռացումից հետո:
Բացի վերը նշվածը, անմիջապես կդադարեն Արցախի հողում Ալիևի և իր սեռաքաղցով տառապող, հոգեշեղված ընտանիքի խեղկատակությունները, մատ թափ տալը, հոխորտանքը և իհարկե հայ ժողովրդի հանդեպ գործածվող և անպատասխան մնացող նվաստացուցիչ հռետորաբանությունը, իսկ Հայաստանը դուրս կգա արտաքին քաղաքական եռամյա ամբողջական մեկուսացումից:
Պետությունը կանցնի իր սահմանադրական գործառույթների իրականացմանը, կկանգնեցվի տնտեսական անկումը, անվերահսկելի գնաճը, կսկսեն լուծվել սոցիալական խնդիրները: Իսկ մարդիկ աստիճանաբար կանցնեն իրենց առօրյա աշխատանքին, և կսկսեն աշխատել երկիրն ու պետությունը, նաև` իրենց առօրյա կենցաղը նորմալ հուն վերադարձնելու ուղղությամբ: Բնականաբար` կպակասի և կկասեցվի անասելի ծավալների հասնող արտագաղթը: Կհաստատվի կայունություն, և պետությունը կսկսի զբաղվել իր գործով, իսկ մարդիկ` իրենց:
Ի՞նչ կլինի, եթե վաղն այս վարչախումբը հեռանա