Աշխարհ

24.03.2021 19:27


Հռոմի Ֆրանցիսկոս պապին նվիրված նոր ֆիլմը կպատմի նաև Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նրա ջանքերի մասին

Հռոմի Ֆրանցիսկոս պապին նվիրված նոր ֆիլմը կպատմի նաև Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նրա ջանքերի մասին

Հռոմի Ֆրանցիսկոս պապի մասին պատմող «Ֆրանչեսկո» ֆիլմը մարտի 28-ց հասանելի կլինի DiscoveryPlus ծառայության միջոցով: Ֆիլմի ռեժիսորը 2016 թվականին փաստավավերագրական ֆիլմերի անվանակարգում Օսկարի նոմինացված Եվգենիյ Աֆինեևսկին է: Ֆիլմի պրոդյուսերն ամերիկահայ անվանի բժիշկ, Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի (UCLA) Դեյվիդ Գեֆենի անվան բժշկական կենտրոնի համաղեկավար, պրոդյուսեր Էրիկ Էսրաիլյանն է:

Էսրաիլյանը ֆեյսբուքյան գրառման մեջ նշել է, որ իր համար մեծ պատիվ է հեռուստադիտողների դատին ներկայացնելու ֆիլմը: Նա պատմել է, որ ֆիլմում ներկայացված է Հռոմի պապը, ով առնչվում է այսօր ողջ աշխարհում ամենամեծ մարտահրավերների հետ: «Ես անձամբ շատ երախտապարտ եմ նրան Հայոց ցեղասպանության հարցում զանգվածային իրազեկում ապահովելու գործում ունեցած աներեր առաջնորդության համար՝ ի հեճուկս լռելուն ուղղված աշխարհաքաղաքական ճնշման»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշել է Էսրաիլյանը:

Նա հրապարակել է Հռոմի պապի՝ Հայաստան կատարած այցից լուսանկար, որտեղ կաթոլիկ աշխարհի հոգևոր առաջնորդն աղոթում է Ծիծեռնակաբերդի բարձունքում: «Մեծ պատիվ էր ինձ համար գտնվել այնտեղ, երբ Ֆրանցիսկոս պապն աղոթում էր Հայոց ցեղասպանության թանգարանում՝ ողջ աշխարհի ուշադրությունը ևս մեկ անգամ բևեռելով Հայաստանի վրա: Այս կիրակի DiscoveryPlus ծառայության միջոցով դիտեք «Ֆրանչեսկո» ֆիլմը և իմացեք Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նրա ներդրած հզոր ջանքերի ու շատ այլ բաների մասին: Ի հեճուկս տասնամյակներ շարունակվող ժխտման և ժխտողների կողմից աշխարհաքաղաքական մանևրների, ԱՄՆ Սենատը, Ներկայացուցիչների պալատը, Կոնգրեսի գրադարանը և իրազեկված աշխարհն այսօր հրապարակայնորեն ճանաչում են պատմական փաստերը»,-նշել է Էսրաիլյանը՝ ընդգծելով, որ այժմ Կոնգրեսի անդամները կոչ են անում նախագահ Ջո Բայդենին հետևել իրենց ու ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

«Ֆրանչեսկո» ֆիլմը պատմում է Հռոմի Ֆրանցիսկոս պապի կյանքի ու գործունեության մասին: Դրանում ներառված են հարցազրույցներ հենց Ֆրանցիսկոս պապի, նրա ընտանիքի անդամների, Բենեդիկտոս XVI-ի և այլ անձանց հետ:

Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2020 թվականի հոկտեմբերի 21-ին՝ Հռոմի կինոփառատոնի շրջանակում: Այն արժանացել է իտալական հայտնի Kinéo մրցանակի:

Այս խորագրի վերջին նյութերը