Լրահոս

27.05.2011 17:35


Սերժ Սարգսյան. «Մենք պետք է կարողանանք փոխել ՊԵԿ-ի նկատմամբ վերաբերմունքը»

Սերժ Սարգսյան. «Մենք պետք է կարողանանք փոխել ՊԵԿ-ի նկատմամբ վերաբերմունքը»

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի ղեկավար անձնակազմի հետ:

Պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը և Կոմիտեի նախագահի տեղակալներն ու համապատասխան վարչությունների  պետերը Հանրապետության ղեկավարին ներկայացրել են  ՊԵԿ հիմնական խնդիրներն ու դրանց լուծմանն ուղղված առաջարկությունները, մաքսային և հարկային վարչարարության բարելավման ուղղությամբ` նախկին հանդիպումների ժամանակ Նախագահ Սերժ Սարգսյանի տված հանձնարարականների կատարման ընթացքը: Մասնավորապես, անդրադարձ է եղել  Կոմիտեի էլեկտրոնային կառավարման ներկա վիճակին և համակարգի հիմնախնդիրներին, բարեփոխումների ծրագրերից բխող գործողությունների ժամանակացույցի համաձայն իրականացված և նախատեսվող աշխատանքներին, վիճակագրական տվյալների վերլուծությանն ու դրա արդյունքների կիրառմանը մաքսային հսկողության ժամանակ, սահմանային կառավարման համակարգի բարելավման աշխատանքների ուղղությամբ իրականացվող աշխատանքին, 2011թ. անցած չորս ամիսների մուտքերի կատարողականին և մի շարք այլ հարցերի:

«Պարո´ն Նախագահ, Դուք կարևոր խնդիր էիք դրել մեր առջև` էապես բարելավել մաքսային և հարկային վարչարարությունը, կառույցը դարձնել բարձր ծառայություններ մատուցող կառույց, բիզնես միջավայրի համար ստեղծել հավասար և մրցակցային պայմաններ և հարկային եկամուտների մուտքերի ապահովումը կատարել առանց բիզնեսին վնասելու: Ես ուզում եմ ներկայացնել, թե այդ ճանապարհին մենք ինչ ենք արել. և՛ 2010թ. և՛ 2011թ. մեր միջոցառումներում, նաև նախկինում`  բոլոր այդ հիմնախնդիրները հաշվի ենք առել: Դրանք շատ բազմազան են, և բավականին  աշխատանք ենք կատարել: Մենք հիմնականում կրճատել ենք փաստաթղթաշրջանառությունը` հարկ վճարողների համար: Հաշվետվական համակարգն ենք փոխել, այն դարձնելով ավելի պարզ` ավելի քիչ թվով հաշվետվություններ բիզնեսի համար, ավելի լավ կառավարելի վիճակ: Տնտեսավարող սուբյեկտների համար մենք ստեղծել ենք էլեկտրոնային կառավարման համակարգ, ավելացված արժեքի հարկի վճարման խնդիրները լուծել ենք՝ այն դարձնելով ավտոմատ համակարգ: Կանխել ենք գերավճարների նախկինում գործող արատավոր պրակտիկան և բիզնեսի գրանցման, հաշվառման համար մեկ պատուհանի սկզբունքն ենք ներմուծել հանրապետություն:

Մեզ համար շատ կարևոր է հարկային տեսչությունների կառուցվածքի օպտիմալացումը, որը նպաստելու է աշխատանքների կառավարմանը: Այս միջոցառումներից բացի, օրենսդրական շատ փոփոխություններ են կատարվել, որոնք նպաստել են այդ գործընթացներին: Դրանք հիմնականում վերաբերում են ֆինանսական հաշվետվություներին: Մենք շատ հարկային հաշվետվություններ, որոնց անհրաժեշտությունը չկա` կրճատել ենք: Բոլոր հաշվետվությունների ներկայացման համար սահմանել ենք միասնական ժամկետ՝ այն դարձնելով եռամսյակային՝ նախկին ամեն ամսվա, ամսվա ընթացքում նույնիսկ տարբեր օրերի փոխարեն»,-Հանրապետության ղեկավարին հանդիպման սկզբում զեկուցել է ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը:

Պետեկամուտների կոմիտեի ղեկավար անձնակազմին ուղղված իր խոսքում Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ նպատակադրումը շատ հստակ է. պետք է առաջին հերթին փոխել հարկային և մաքսային մարմինների ընկալումը հասարակության և գործարար համայնքի կողմից` հարկ հավաքագրող մարմնի կերպարից այն վերածելով հարկ վճարողների սպասարկ­ման` ժամանակակից ծառայություններ մատուցող և վերահսկողություն իրականացնող մարմնի:

«Սա անելու համար ոչ միայն պետք է կարողանանք վերափոխել ձեր գերատեսչու­թյան գործունեության տրամա­բանությունը, այլև տնտեսավարողների վարքագիծն ու մոտիվացիան: Դա անելու ենք համագործակցային, երկխոսության մթնոլորտում, պարզ, թափանցիկ և արդյունավետ համակարգ ապահովելով, սպասարկման որակը բարձրացնելով, աշխատանքի նոր պայմաններ առաջարկելով: Միևնույն ժամանակ նաև հաստատակամ պետք է լինենք ստվերային տնտեսության կրճատմանն ուղղված միջոցառումներում, հարկային և մաքսային համակար­գերում կոռուպցիոն ռիսկերի նվազեցման գործում և, ամենա­կարևորը, բոլոր տնտեսավարողների հանդեպ հավասար մոտեցումների և արդարության ապահովման հարցերում: Սա երևի թե ամենակարևոր խնդիրն է, որ մենք ձեզ հետ միասին պետք է կարողանանք լուծել: Եվ ծրագիրը, որ հաստատել ենք Անվտանգության խորհրդում, հենց այս խնդիրների լուծումն է ենթադրում»,-ասել է Հանրապետության ղեկավարը:

(Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքն ամբողջությամբ ներկայացվում է ստորև)

Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը ՀՀ ԿԱ ՊԵԿ անձնակազմի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ

Այս ձևաչափով այսպիսի հանդիպում ես նախաձեռնել եմ, որպեսզի միասին ամփոփենք, թե պետեկամուտների կոմիտեի աշխատանք­նե­րում նախատեսվող փոփոխությունների մեր նպատակադրումներում որտե՞ղ ենք հասել, որո՞նք են մեր հաջորդ քայլերը և ի՞նչ խնդիրներ ունենք այս փուլում լուծելու, որպեսզի փոփոխությունների ընթացքն արագացնենք:

Ազգային անվտանգության խորհրդի նիստում հարկային և մաքսային համակարգերի բարեփոխումների ծրագիրն առաջիկա երեք տարիների համար ընդունելուց հետո հանձնարարվել էր, որպեսզի պետեկամուտների կոմիտեն գործողությունների մանրակրկիտ ծրագիր և ժամանակացույց մշակի: Քանի դեռ այդ մանրակրկիտ ծրագիրը չի ամփոփվել, ես առաջարկում եմ այսօր դիտարկենք այդ ծրագ­րի հիմնական ուղղությունները, դրանց իրականացման առկա հնարավորությունները և պահանջվող ռեսուրս­ները: Ես շեշտում եմ նաև պահանջվող ռեսուրսները, որովհետև և՛ Ազգային անվտանգության խորհրդի նիստում, և՛ ընդհանրապես վերջին ժամանակներում մեզ մոտ շատ կտրուկ փոփոխություններ են տեղի ունեցել, և մենք համարում ենք, որ նաև այս ոլորտում մենք պետք է կարողանանք լուրջ ներդրումներ կատարել, որպեսզի ակնկալիքներն էլ լուրջ լինեն:

Միևնույն ժամանակ, առաջարկում եմ նաև քննարկել բյուջետային մուտքերի ապահովման ընթացքն ու հնարավոր զարգա­ցումները, որպեսզի կարողանանք հասկանալ փոփոխությունների ընթացքի ազդեցությունը եկամուտների կատարողականի վրա: Ձեր առջև իսկապես բավականին դժվար խնդիր է դրված. դուք ոչ միայն պետք է կարողանաք արագ բարեփոխումների շնորհիվ հնարավորինս թեթևացնել վարչարարության բեռը մեր գործա­րար­ների համար, բիզնեսի համար, այլև այդ ընթացքում պետք է կարողանաք ապահովել պատշաճ հարկահավաքություն: Ավելին ասեմ, մենք պիտի կարողանանք տարեցտարի ավելացնել հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը` հարկման դաշտ բերելով ավելի ու ավելի շատ հատվածներ ստվերից: Իսկ որ ստվեր գոյություն ունի և այդ ստվերն իր չափերով, ցավոք, մեր կողմից դժվար գնահատելի է, այստեղ, կարծում եմ, դուք որևէ կասկած չունեք: Այս երկու հիմնական գերխնդիրների իրականացման միջև ինչ-որ տեղ իսկապես հակասություն կարող է լինել, բայց դուք պետք է կարողանաք երկուսն էլ ապահովել միաժամանակ: Նորից եմ կրկնում, մի կողմից թեթևացնել վարչարարությունը, կատարելագործել այն, դարձնել մեր գործարարների համար առավել ընդունելի, մյուս կողմից՝ ավելացնել հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը, այսինքն ավելի շատ հարկեր հավաքել: Այստեղ մենք այլընտրանք չունենք: Համա­կարգը պետք է կարողանա, անընդհատ ավելացնելով հարկերի հավաքելիության աստիճանը, միաժամանակ դառնա ավելի ու ավելի ընդունելի, ընկալելի, արդար, համահավասար, բեռ չդարձող ու հնարավորինս բարյացկամ տնտեսավարող սուբյեկտ­ների համար: Իրոք, դժվար խնդիր է, շատ դժվար խնդիր է, բայց, համոզված եմ, իրականանալի:

Դա անելու համար ես ինքս եմ պատրաստ անձամբ աջակցել ձեր ջանքերին, և ինչպես գիտեք, մեր վերջին համատեղ հանդիպումները տնտեսավարող խոշոր սուբյեկտների հետ հենց այդ նպատակն ունեին: Մենք ցանկանում ենք ստեղծել համագործակցության նոր մթնոլորտ, և, իհարկե, նման հանդիպումները մենք շարունակելու ենք:

Ի վերջո, մենք պետք է կարողանանք փոխել ՊԵԿ-ի նկատմամբ վերաբերմունքը, մենք պետք է կարողանանք փոխել վերաբերմունքը հարկային, մաքսային մարմինների նկատմամբ: Պետք է կարողանանք փոխել վերաբերմունքը հարկային և մաքսային աշխատողների նկատմամբ: Սա մեզ համար գերխնդիր է, և այս խնդիրը մենք պետք է կարողանանք լուծել:  Միևնույն ժամանակ մենք պետք է փոխենք ՊԵԿ-ին ներկայացվող պահանջները: Սա էլ է միանշանակ: Մեր նպատակադրումը շատ հստակ է. մենք պետք է առաջին հերթին փոխենք հարկային և մաքսային մարմինների ընկալումը հասարակության և գործարար համայնքի կողմից` հարկ հավաքագրող մարմնի կերպարից վերածելով այն հարկ վճարողների սպասարկ­ման` ժամանակակից ծառայություններ մատուցող և վերահսկողություն իրականացնող մարմնի: Սա անելու համար ոչ միայն պետք է կարողանանք վերափոխել ձեր գերատեսչու­թյան գործունեության տրամա­բանությունը, այլև տնտեսավարողների վարքագիծն ու մոտիվացիան: Դա անելու ենք համագործակցային, երկխոսության մթնոլորտում, պարզ, թափանցիկ և արդյունավետ համակարգ ապահովելով, սպասարկման որակը բարձրացնելով, աշխատանքի նոր պայմաններ առաջարկելով: Միևնույն ժամանակ նաև հաստատակամ պետք է լինենք ստվերային տնտեսության կրճատմանն ուղղված միջոցառումներում, հարկային և մաքսային համակար­գերում կոռուպցիոն ռիսկերի նվազեցման գործում և, ամենա­կարևորը, բոլոր տնտեսավարողների հանդեպ հավասար մոտեցումների և արդարության ապահովման հարցերում: Սա երևի թե ամենակարևոր խնդիրն է, որ մենք ձեզ հետ միասին պետք է կարողանանք լուծել: Եվ ծրագիրը, որ հաստատել ենք Անվտանգության խորհրդում, հենց այս խնդիրների լուծումն է ենթադրում:

Այս խորագրի վերջին նյութերը