Աշխարհ

23.03.2021 21:45


Չավուշօղլուն Բրյուսելի գագաթաժողովում կանդրադառնա ռուսական S-400 ՀՕՊ համակարգերի թեմային

Չավուշօղլուն Բրյուսելի գագաթաժողովում կանդրադառնա ռուսական S-400 ՀՕՊ համակարգերի թեմային

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Բրյուսելում կայանալիք ՆԱՏՕ ԱԳ ղեկավարների գագաթաժողովին ներկայացնելու է Սիրիայում, Իրաքի հյուսիսում, Լիբիայում և Արևելյան Միջերկրականում տեղի ունեցող վերջին զարգացումները: Այս մասին հայտնում է թուրք դիվանագիտական թղթակից Սելչուք Բյոքեն:

Նշվում է, որ Չավուշօղլուն հանդիպում է ունենալու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ, որի ընթացքում քննարկվելու են 5 տարի անց Հունաստանի հետ վերսկսված բանակցությունները, Թուրքիայի և Հունաստանի ներկայացուցիչների կողմից իրականացվող սահմանազատման ընթացակարգերը:

Թղթակցի հաղորդմամբ՝ Թուրքիայի ԱԳ ղեկավարն անդրադառնալու է Ռուսաստանից ձեռք բերված S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի խնդրահարույց թեմային և ՆԱՏՕ-ի ամբիոնից ևս մեկ անգամ ընդգծելու է S-400-ներից չհրաժարվելու Անկարայի վճռականությունը:

Բրյուսելում նախատեսվում են նաև երկկողմ հանդիպումներ Չավուշօղլուի և ԵՄ անդամ երկրների ԱԳ ղեկավարների միջև:

Այդ հանդիպումների ընթացքում Չավուշօղլուն գործընկերների հետ քննարկելու է վիզայի ազատականացմանը, 2016թ. մարտի 18-ի Թուրքիա-ԵՄ համաձայնագրին, Մաքսային միության համաձայնագրի թարմացմանն ու ներգաղթին առնչվող մի շարք հարցեր: Նա նաև ներկայացնելու է, թե ինչ սպասելիքներ ունի Թուրքիան ԵՄ-ից:

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը