Լրահոս

27.05.2011 16:57


Պատգամավորին կրկին մերժել են մուտք գործել քրեակատարողական հիմնարկ

Այսօր` մայիսի 27-ին, ժամը 11:15-ին  գնացել եմ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ, ուր, որպես ՀՀ ԱԺ պատգամավոր, անարգել մուտք գործելու իրավունք ունեմ համաձայն «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի:

ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ղեկավարությունը կրկին ապօրինի արգելել է իմ մուտքը մեկուսարան եւ հրաժարվել հացադուլավոր կալանավորի մասին տեղեկություններ տրամադրելուց:

ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ղեկավարությունն, իհարկե առաջին հերթին կատարում է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի ապօրինի ցուցումը, ով, ՀՀ Սահմանադրությամբ եւ «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի դրույթներով իրավասու լինելով իրականացնել վերահսկողություն` հնարավորություն ունի ճնշումներ գործադրել կալանավայրերի վարչակազմի նկատմամբ, եւ ով ՀՀ ԱԱԾ-ի հետ համատեղ ջանքերով հարուցել է ապօրինի քրեական հետապնդում ՀՀ ԱԺ  «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի եղբոր նկատմամբ` կապված Զարուհու քաղաքական գործունեության հետ:

Տիգրան Փոստանջյանն իր ոտնահարված իրավունքների համար եւ քրեակատարողական հիմնարկում տիրող անօրինականությունների դեմ 17-րդ օրն է, ինչ  հացադուլի միջոցով բողոք է ներկայացնում:  Այս ծայրահեղ քայլը նույնպես դուր չի եկել ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, ով, օգտագործելով իր հնարավորությունների շրջանակը` նաեւ կալանավայրում փորձում է ճնշում գործադրել Տիգրան Փոստանջյանի նկատմամբ: Սկզբից նա ցուցում էր տվել պահել Տիգրան Փոստանջյանին ՀՀ ԱԱԾ շենքում գտնվող կալանավայրում, հետո, չհասնելով իր նպատակին` ցուցում տվեց տեղափոխել նրան «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ, որտեղ պայմաններն անտանելի են եւ հավասար են խոշտանգման: Հիմա էլ հացադուլի մեջ գտնվող Տիգրան Փոստանջյանի մասին տեղեկություններ  չտրամադրելու միջոցով է փորձում  ճնշում գործադրել:

ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ղեկավարության կողմից ապօրինի գործելը պայմանավորված է նաեւ քրեակատարողական հիմնարկներում տիրող կոռուպցիայով եւ անօրինականությամբ. վերջերս ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի փոփոխություններով եւ Համաներման ակտով, համաձայն որոնց` բազմաթիվ կալանավորներ պետք է ազատ արձակվեն, քրեակատարողական հիմնարկի վարչակազմի եւ ՀՀ գլխավոր դատախազի համար պարարտ հող են ստեղծում կաշառակերության համար:

Վերը թվարկվածները`

•          Տիգրան Փոստանջյանի, ով 17-րդ օրն է, ինչ գտնվում է հացադուլի մեջ եւ անօրինական է պահվում կալանավայրում, վերաբերյալ տեղեկություններ տրամադրելուց հրաժարվելը,

•          Այս շաբաթ ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի փոփոխությունները եւ Համաներման ակտի կիրառման մասին տեղեկություն տրամադրելուց հրաժարվելը Լուրջ հիմքեր են տալիս կասկածելու, որ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ղեկավարությունը, ի դեմս նրա պետ Տիգրան Նավասարդյանի,  ոչ միայն ապօրինի է գործում, այլ նաեւ ինչ որ բան թաքցնելու ու  կոծկելու նպատակ է հետապնդում:

Անահիտ Բախշյան

ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր

Այս խորագրի վերջին նյութերը