Շատ շուտով գալու է ճիշտ որոշում կայացնելու պահը․ այն լինելու է մեր վերջին հնարավորությունը
Առաջ, երբ ասում էին եռամիասնություն, նկատի ունեին Հայաստանը, Արցախը և սփյուռքը։
Այսօր այդ եռամիասնությունը միայն մեր մտքում է այդպիսինը մնացել, իսկ իրականության մեջ այն այսօր խորհրդանշում է Հայաստանը, թուրքիան և ադրբեջանը...
Սփյուռքն այսօր ավելի հեռու է Հայաստանից քան երբևէ, Արցախը մահամերձ է, դե իսկ Հայաստանն էլ թուրքերի ու ազերիների հետ է հարցեր լուծում։ Բայց չկարծեք, որ այս ամենը պատահականություն է։ Ոչ, սա շատ լավ և մանրակրկիտ պլանավորված սցենար էր։ Արցախից պետք էր հրաժարվել, որպեսզի թուրքերի ու ազերիների հետ եղբայրություն անել ու ռուսերի հետ թշնամանալ։ Սփյուռքից էլ` ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը վիժեցնելու համար։
Այս սցենարում միակ բանն, որ դեռևս ամբողջությամբ չի հաջողվել իրականացնել, դա Ռուսաստանի Դաշնության հետ կապերի խզումն է։ Ավելին այն ամենն ինչին մենք ականատես եղանք անցած 3 տարիների ընթացքում իրականացվում էր հենց այդ գեր նպատակին հասնելու համար։ Արցախյան պատերազմը կարող էր և չլիներ, եթե նիկոլին հաջողվեր լուրջ հակառուսական ալիք բարձրացնել։ Բայց իր տերերը, տեսնելով իր անկարողությունն այդ հարցում, տարան մեզ դեպի պարտվողական պատերազմ։ Այդ պատերազմում,այս իշխանության օրոք, մենք հաղթելու որևէ շանս չունեինք։ Կար միայն մեկ հարց. ինչքան մարդ պետք է զոհվի և ինչքան տարածք պետք է հանձնվի։ Պետք էին շատ զոհեր և անհամաչափ տարածքային կորուստներ, քանզի դա, ըստ պլանավորվածի, բերելու էր հակառուսական տրամադրությունների բարձրացմանը։ Մենք սրա մասին քիչ ենք խոսում, բայց շատ քչերն են հասկանում, որ Ռուսաստանի Դաշնությունը իրականում մեզ փրկել է Արցախը ամբողջությամբ կորցնելուց։ Կարո՞ղ էին իրենք ավելին անել։ Ցավոք ոչ, քանզի դա կբերեր Ռուս-թուրքական հերթական պատերազմի, որն այս պահին ամենաանցակալի բաներից կլիներ Ռուսաստանի համար։ Կարո՞ղ էինք մենք հաղթել. միանշանակ այո, եթե Հայաստանում իշխանության լինեին կարող ուժեր, այլ ոչ թե օտարերկրյա գործակալներ։
Մենք միշտ ունեցել ենք իրականությունը թյուր ըմբռնելու խնդիր։ Մեզ միշտ թվացել է, որ ռուսը հայից շատ հայ պետք է լինի և միշտ մեզ փրկի, որ թուրքը այլևս այն հին թուրքը չէ և այլն։ Ոչ հարգելիներս, հարգիր ինքդ քեզ, որպեսզի հարգված լինես մյուսների կողմից։ Այսօր մենք հարգանքի արժանի ժողովուրդ չենք։ Այսօր մենք թուրքին իշխանության բերած ժողովուրդ ենք։ Այսօր մենք կապիտուլյանտին հանդուրժող ժողովուրդ ենք։ Այսօր մենք մեր իսկ սրբություններին դավաճանող ժողովուրդ ենք։ Այսօր մենք մեր իսկ հերոսներին սպանող ժողովուրդ ենք։ Եվ քանի մենք այդպիսինն ենք, մեզ կշարունակեն ծաղրել, օգտագործել և վերջնականորեն քանդել։
Տեսնու՞մ եմ ես այս ամենում լույսի անգամ մեկ նշույլ. այո, տեսնում եմ։ Ես որոշումս կայացրել եմ և պայքարելու եմ մինչև հաղթական ավարտ։ Սա կյանքի ու մահվան պայքար է, որում կամ մեր ազգը կհաղթի, կամ էլ կթրքացվի և կոչնչանա։
Որոշողը միայն ու միայն մենք ենք լինելու...
Շատ շուտով գալու է ճիշտ որոշում կայացնելու պահը։ Այն լինելու է մեր վերջին հնարավորությունը...
Շատ շուտով գալու է ճիշտ որոշում կայացնելու պահը․ այն լինելու է մեր վերջին հնարավորությունը