Լրահոս

27.05.2011 14:14


ՀՅԴ–ական պատգամավոր. «Նախագահը փորձում էր հերքել կառավարության պատասխանները»

ՀՅԴ–ական պատգամավոր. «Նախագահը փորձում էր հերքել կառավարության պատասխանները»

–Աշնանը մենք շատ ավելի վատ սոցիալ–տնտեսական վիճակ ենք ունենալու,–ԱԺ ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտարարել է ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը՝ հավելելով, որ 2010թ. պետական բյուջեի կատարողականը խորհրդարանում ներկայացնելու ժամանակ ՀՅԴ խմբակցության անտարբերությունը հստակ վերաբերմունք էր։

–Ներկա կառավարությունը պարզապես ձախողել է ամեն ինչ, և փորձել պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ստանալ մեզ մտահոգող հարցերի պատասխանները, պարզապես անիմաստ էր, որովհետև ոչնիչ չէր տալու երկու պատճառով։ Առաջին՝ կառավարությունն իսկապե՛ս չի տիրապետում իրավիճակին, և նրա ցանկացած պատասխան կրում է ձևական և մակերեսային բնույթ՝ ընդամենը պատասխանատվությունից խուսափելու փորձ։ Եվ երկրորդ՝ պետական բյուջեի կատարողականի ընթացքում այդ հարցադրումներով քաղաքական մեծամասնության տրամադրվածությունը չէր կարող փոխել, որովհետև նրանք հակված են, որ, այնուամենայնիվ, պետք է պաշտպանեն ներկա կառավարության վարքագիծը թեկուզև այն հայտարարությունից հետո, որ նույն Հանրապետական կուսակցության ողնաշարով ձևավորված իշխանությունը 2001–ից սկսած, ըստ կառավարության, փաստորեն, ձախողել է երկրի ամեն ինչը։

Իսկ կառավարությանն անվստահություն հայտնելու ՀՅԴ–ի հարցապնդման իմաստը, Ա. Մինասյանի խոսքերով, քաղաքական մեծամասնության աչքերը բացելն էր։

–Մեզ թվում է, որ բացել ենք այդ աչքերը, և, ըստ էության, անվստահության հարցը, որ օրակարգից հանվեց, միայն ձևական առումով է դուրս եկել։ Էության մեջ ես համոզված եմ, որ այս հարցը քննարկվում է, և այդ ուղղությամբ գործընթացն սկսված է։ Պատահական չէ, որ երեկ հանրապետության նախագահը, անդրադանալով նույն ժամանակահատվածի տնտեսական զարգացումներին, որոնք կառավարությունը գնահատել էր բացասական, փորձեց սրբագրումներ իրականացնել։ Նախագահը փորձում էր հերքել կառավարության պատասխանները։ Ակնհայտ է, որ այստեղ առնվազն ընկալման տեսակետից հակադրություն կա կառավարության, նախագահի, քաղաքական մեծամասնության միջև։ Մնում է, որ իրենք իրենց մեջ կարողանան վերջնական եզրակացության գալ, որ ներկա կառավարությունն իր քաղաքականությամբ պարզապես ի վիճակի չէ դիմագրավել երկրի առջև ծառացած մարտահրավերները,–հայտարարել է ՀՅԴ–ական պատգամավորը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը