Լրահոս

27.05.2011 14:05


Ռաֆիկ Պետրոսյանի կարծիքով՝ արտահերթ ընտրությունները բացառված են

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, Հանրապետական խմբակցության անդամ Ռաֆիկ Պետրոսյանը, անդրադառնալով այն հարցին, թե երկրում արտահերթ ընտրություններ հնարավո՞ր են, պատասխանել է.

–Արտահերթ ընտրությունները բացառված են, որովհետև դրանց համար Սահմանադրությամբ նախատեսված հիմքեր են անհրաժեշտ, երբ Ազգային ժողովը բացարձակապես անգործության է մատնվում և երեք ամսում ոչ մի օրենք չի ընդունում ու որոշում չի կայացնում։

Ապա ավելացրել է.

Այսօր չկա որևէ հիմք, որ ԱԺ–ն լուծարվի, իսկ ՀՀ նախագահը հրաժարական տա։

Նրա կարծիքով՝ Հայաստանում բոլոր երևույթները բնականոն են ընթանում, և արտահերթ ընտրությունների անցկացման համար ոչ միայն հիմքեր չկան, այլև նպատակահարմար էլ չէ, որովհետև դրանց մնացել է ընդամենը 11 ամիս։

–Ընդունել ենք ընդդիմության գրեթե բոլոր առաջարկները բավարարող ընտրական օրենսգիրք, և ընդդիմությունը քաղաքակիրթ եղանակով պետք է նախապատրաստվի ընտրություններին՝     հաղթանակ տանելու համար,–ասել է ԱԺ պատգամավորը։

Ռ. Պետրոսյանը նշել է, որ ՀԱԿ–իշխանություն առաջիկա բանակցությունները պետք է վերաբերվեն ընտրությունները քաղաքակիրթ ձևով թափանցիկ և օբյեկտիվ անցկացնելուն, որպեսզի բացառվեն կեղծիքները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը