Լրահոս

26.05.2011 18:00


Ընդունվել է Ժողովրդահայրենասիրական ուժերի նիավորման հռչակագիրը

Այսօր ՀՀ Կառավարության նիստերի դահլիճում կայացավ ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանի նախաձեռնած Ժողովրդահայրենասիրական ուժերի և անհատ քաղաքացիների երկրորդ համաժողովը, որի ընթացքում ընդունվեց հռչակագիր.

ԺՈՂՈՎՐԴԱՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ ՈՒԺԵՐԻ ՄԻԱՎՈՐՄԱՆ /ԺՀՈՒՄ/

ՀՌՉԱԿԱԳԻՐ

ՀԱՐԳԵԼԻ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐ.

ՀՀ-ում ստեղծված աղետալի վիճակի, օրըստօրե աճող ու խորացող արտաքին ճնշումների ու սպառնալիքների, ներքին քաոսային ու ապակայունացնող ֆինանսատնտեսական ճգնաժամի և դրանց վերացման համար անհրաժեշտ ու անհետաձգելի առաջնահերթությունների իրականացման կապակցությամբ`         ԺՀՈՒՄ-ի համակարգող խորհրդի անդամների կողմից հասարակության տարբեր շերտերի հետ անցկացված բազմաթիվ հանդիպումների, քննարկումների ժամանակ պարզվեց, որ ժողովրդի ճնշող մեծամասնությունը ոչ միայն մտահոգ է, այլև իր ակտիվ մասնակցությամբ պատրաստակամ է ձևավորել ԱԶԳԱՅԻՆ ՃԱԿԱՏ և ԱՆԶԻՋՈՒՄ ՊԱՅՔԱՐՈՎ տեսանելի ժամանակահատվածում հասնել այնպիսի լայն ու հզոր հասարակական շարժման, որն ի զորու կլինի վերջ դնել արատավոր վարչահրամայական, կլանաօլիգարխային ռեժիմին` գործող իշխանությունների անհապաղ հրաժարականի և արդարության ու ժողովրդավարության վերականգնմանը միտված համակարգի ստեղծման, անկախ պետականության հզորացման և հեղինակության բարձրացման պահանջով:

ա) Ազգային Ճակատը կարևորելու է արդարացի ժողովրդավարական ընտրությունների միջոցով հասարակության վստահությունը վայելող լեգիտիմ իշխանության ձևավորումը:

բ) Մենք անհրաժեշտ ենք համարում ժողովրդի պահանջով այսուհետ կիրառել բոլոր միջոցները` □մեծ բիզնեսի□ մուտքը իշխանություն իսպառ բացառելու և իշխանական կառույցների ու կապիտալի սերտաճումը չեզոքացնելու համար, ուստի առաջարկելու ենք ընտրություններն անցկացնել միայն համամասնական ընտրակարգով:

գ) Մեր համոզմամբ` երկրում տնտեսական կայունությունն ամրակայելու համար անհրաժեշտ է առավելագույնս խորացնել և ընդլայնել ՌԴ հետ ռազմավարական և բոլոր բնագավառներում սերտ հարաբերությունների խորացումն ու ամրապնդումը` անհրաժեշտ մակարդակի բերելով հարաբերությունները ԱՊՀ այլ երկրների հետ, իսկ մնացած պետությունների հետ հաստատել փոխգործակցություն այնքանով, որքանով կբխի Հայաստանի գերակա շահերից:

դ) Ղարաբաղյան հիմնահարցի արդարացի լուծման մեջ Ազգային Ճակատը մեր հասարակության համար ընդունելի կհամարի միայն պատերազմի արդյունքներին համապատասխանող խաղաղության պայմանագրի կնքումը:

ե) Տասնամյակների ընթացքում Հանրապետությունում ձևավորված ծանր բարոյահոգեբանական մթնոլորտը շտկելու համար անհրաժեշտ ենք համարում համամարդկային և հատկապես ազգային արժեքների ու հայեցի կենսակերպին բնորոշ ավանդույթների լայն քարոզչությունը և վերականգնումը հասարակական կյանքի բոլոր հարթություններում:

Սիրելի հայրենակիցներ, ակնկալում ենք ձեր ակտիվ մասնակցությունը:

ԺՀՈՒՄ-ի համակարգող խորհրդի անդամները ստանձնում են վերը նշված նպատակների իրականացումը` գիտակցելով իրենց պատասխանատվությունը ազգի և ապագա սերունդների առջև:

Խորհրդի անդամներ`

ՏԻԳՐԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ /Ժողովրդական կուսակցության նախագահ/

ՎԱՐԴԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՍՆ /ԱԺ պատգամավոր/

ԻՇԽԱՆ ԹՈՎՄԱՍԱՅԱՆ /ԺՀԱՔ հ/խ-ի նախագահ/

ԱՐՏԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ /ԺԿ քաղխորհրդի նախագահ/

ԷՄԱՆՈՒԵԼ ՄԱՐԳԱՐՅԱՆ /բանասիրական գիտությունների թեկնածու/

ՌՈՒԶԱՆՆԱ ՍՏԵՓԱՆՅԱՆ /միավորման ակտիվիստ/

ՍՏԵՓԱՆ ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆ /միավորման ակտվիստ/

26.05.2011թ.

ք. Երևան

Ժողովրդական կուսակցության լրատվական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը