Մարտի 31-ին ավարտվում է գազի մատակարարման համաձայնագիրը, և նոր պայմանավորվածության բացակայության դեպքում ռուսական կողմը կարող է գազը մատակարարել նույնիսկ ավելի բարձր գնով, քան ներկայիս գինը
2021 թվականի մարտի 15-ին Նիկոլ Փաշինյանը ստորագրել է Ռուսաստանի Դաշնություն պատվիրակություն գործուղելու մասին որոշումը: Չնայած որոշման մեջ նշված չէ պատվիրակության գործուղման նպատակը, սակայն պատվիրակության կազմից և ընտրված ժամանակահատվածից (2021 թվականի մարտի 16-18-ը) պարզ է դառնում, որը գործող իշխանությունները ռուսական կողմի հետ գազի գնի շուրջ բանակցություններ են տանում: Պատվիրակության մեջ ընդգրկված են վերջին տարիներին ձախողած գազային բանակցությունների ղեկավար փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ում օրոք սահմանի վրա գազի գինը բարձրացավ 10%-ով, էներգետիկ ոլորտը համակարգող փոխնախարար Հակոբ Վարդանյանը և ՀՀ հանրային ծառայությունները համակարգող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը:
Հիշեցնեմ, որ մարտի 31-ին ավարտվում է գազի մատակարարման համաձայնագիրը, և նոր պայմանավորվածության բացակայության դեպքում ռուսական կողմը կարող է գազը մատակարարել նույնիսկ ավելի բարձր գնով, քան ներկայիս 165 ԱՄՆ դոլար 1000 խմ-ի հաշվով: Այս ժամանակաշրջանում Մոլդովան և Բելառուսը գազը ստանում են 120-127 ԱՄՆ դոլար կամ մոտ 30% ավելի էժան Հայաստանից:
Մի կողմ թողնելով գործող իշխանությունների նախընտրական խոստումները բնական գազի և էլեկտրաէներգիայի սակագների նվազեցման վերաբերյալ` պետք է արձանագրել, որ հիմնականում բիզնեսի համար 2020 թվականի հուլիս 19-ից բնական գազ սակագինը ավելացավ 6 տոկոսով, իսկ 2021 թվականի փետրվարի 1-ից 8 տոկոսով աճեց էլեկտրաէներգիայի սակագինը, ինչի հետևանքով նաև ունենք աննախադեպ բարձր գնաճ:
Գաղտնիք չէ, որ գազային բանակցությունների վրա ազդում են տնտեսական և քաղաքական բազմաթիվ գործոններ։ Այնուամենայնիվ, պետք է հուսալ, որ այս անգամ մեր իշխանություններն ավելի լավ են նախապատրաստվել այս բանակցություններին, ինչը թույլ կտա նվազեցնել գազի գինը սահմանի վրա։ Հակառակ դեպքում թանկացող էներգակիրների պայմաններում մեր տնտեսությունը և տնտեսվարողները շարունակելու են կորցնել մրցունակությունը, և էլ ավելի կխորանա ճգնաժամը։
Մարտի 31-ին ավարտվում է գազի մատակարարման համաձայնագիրը, և նոր պայմանավորվածության բացակայության դեպքում ռուսական կողմը կարող է գազը մատակարարել նույնիսկ ավելի բարձր գնով, քան ներկայիս գինը