Աշխարհ

15.03.2021 20:40


«Ինչու՞ եք բետոն թափում հայերի ոսկորների ու մշակութային արժեքների վրա»․ Կարո Փալյան

«Ինչու՞ եք բետոն թափում հայերի ոսկորների ու մշակութային արժեքների վրա»․ Կարո Փալյան

Անկարայի Ուլուս շրջանում «İller» բանկի նոր մասնաշենքի կառուցման նպատակով կատարված հիմքի փորման աշխատանքների ժամանակ մարդու ոսկորներ էին հայտնաբերվել։ Համաձայն կադաստրային արխիվների՝ նշված տարածքում նախկինում եղել է հայկական և կաթոլիկ գերեզմանոց։ Պաշտոնական տվյալներով՝ հիշյալ տարածքում նախկինում ոչ միայն գերեզմանոց, այլ նաև եկեղեցի ու բաղնիք է եղել։

Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանը խորհրդարանում բարձրաձայնել է հայկական գերեզմանոցի վրա շինարարական աշխատանքների հարցը:

Նա գրավոր հարցապնդում է ուղղել Թուրքիայի շրջակա միջավայրի և քաղաքաշինության նախարար Մուրաթ Քուրումին` պահանջելով պարզաբանել, թե ինչու չի դադարեցվել նշյալ տարածքում բետոնապատման աշխատանքները:

Հայ պատգամավորը հետևյալ հարցերն է ուղղել թուրք նախարարին.

1. Ինչո՞ւ չի դադարեցվում Թուրքիայի բնակարանաշինության վարչության (TOKİ) կողմից հայկական գերեզմանոցի վրա կատարվող շինարարությունը:

2. Նկատու՞մ եք, որ «TOKİ»-ը ոչնչացնում է Անկարայի մշակութային արժեքներն ու քաղաքային հիշողությունը:

3. Ինչու՞ եք բետոն թափում Անատոլիայի հայերի ոսկորների և մշակութային արժեքների վրա:

Հիշեցնենք, որ Թուրքիայի Ճարտարապետների պալատը կոչ էր արել դադարեցնել շինարարական աշխատանքները։ Ճարտարապետների պալատի Անկարայի մասնաճյուղը պաշտոնական գրությամբ դիմել էր Անկարայի քաղաքապետարանի մշակույթի և բնության պահպանության վարչություն, մշակույթի և զբոսաշրջության նախարարության հուշարձանների և թանգարանների գլխավոր վարչություն, ինչպես նաև՝ շրջակա միջավայրի և քաղաքաշինության նախարարության կադաստրի վարչություն՝ պահանջելով դադարեցնել շինարարարական աշխատանքները։

Շինաշխատանքների ժամանակ հայտնաբերված ոսկորները փորձաքննության նպատակով հանձնվել էին «Անատոլիայի քաղաքակրթությունների թանգարանի աշխատակիցներին»։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը