Աշխարհ

15.03.2021 18:40


Նինոծմինդայում ստրկության մեջ են պահել երեք մարդու (տեսանյութ)

Նինոծմինդայում ստրկության մեջ են պահել երեք մարդու (տեսանյութ)

Վրաստանի ՆԳՆ-ի սահմանային ոստիկանության և Սամցխե-Ջավախքի դատախազության աշխատակիցների կողմից համատեղ իրականացված օպերատիվ-հետաքննական միջոցառումների շրջանակներում, Նինոծմինդայի մունիցիպալիտետում բացահայտվել է մարդկանց վաճառքի (թրաֆիքինգի) դեպք: Երեք անձի հանդեպ իրականացված թրաֆիքինգի մեղադրանքով ձերբակալվել են հայր և որդի 1960 թվականին ծնված Բ.Ծ-ն և 1994 թվականին ծնված Մ.Ծ-ն:

Ինչպես հաղորդում է ՆԳՆ-ից, տվյալ հանցագործության համար պատիժ է նախատեսում մինչև 12-15 տարի ազատազրկում:

Հետաքննությունը պարզել է, որ մեղադրյալները 2015-2016 թվականներին Հայաստանի Հանրապետության երեք քաղաքացու խոստացել են աշխատանքային լավ պայմաններ, օգնել են անհրաժեշտ փաստաթղթեր ձեռք բերելու հարցում և նրանց սեփական ավտոմեքենայով տեղափոխել են Վրաստան:

Բ.Ծ-ն և Մ.Ծ-ն նշված անձանց տարել են Նինոծմինդայի մունիցիպալիտետի գյուղերից մեկի մոտակայքում գտնվող անասնաֆերմա, որտեղ նրանց սպառնացել են և ստիպել աշխատել, խլել են անձը հաստատող փաստաթղթերը և առանց վարձատրության աշխատեցրել տարիներ շարունակ` ստրկության ժամանակակից պայմաններում: Մեղադրյալները նաև ապօրինի գերության մեջ գտնվող անձանց սահմանափակել են տեղաշարժը և մշտական հսկողության տակ պահել:

Հանցագործության մասին իրավապահներին հայտնի է դարձել, երբ Հայաստանի քաղաքացիներից մեկին հաջողվել է փախչել ֆերմայից և հասնել Վրաստանի պետական սահման: Վերջինս փորձել է սահմանն ապօրինի հատելով անցնել ՀՀ տարածք, ինչի ընթացքում նրան կանգնեցրել են սահմանային ոստիկանության աշխատակիցները:

Երեք անձի հանդեպ իրականացրած թրաֆիքինգի դեպքի առնչությամբ հետաքննությունն ընթանում է Վրաստանի ՔՕ 143-րդ հոդվածում, ինչը ենթադրում է 12-15 տարվա ազատազրկում:

Աղբյուրը՝ jnews.ge

Այս խորագրի վերջին նյութերը