Լրահոս

26.05.2011 14:53


Կառավարության շենքի մոտ կրկին բողոքում են, իսկ կառավարությունից արձագանք չկա

Կառավարության շենքի մոտ կրկին բողոքում են, իսկ կառավարությունից արձագանք չկա

Այսօր կառավարության շենքի  մոտ կրկին մարդաշատ էր։ Իրենց խնդիրների մասին բարձրաձայնելու  համար հավաքվել էին  բանակում խաղաղ պայմաններում սպանված  զինվորների ծնողները, ովքեր արդարադատություն էին պահանջում, Հյուսիսային պողոտայի, Բուզանդի  փողոցի նախկին բնակիչները, ովքեր  պահանջում էին իրենց սեփականության իրավունքի  վերականգնում, բացօթյա առևտրով զբաղվողներն ու  Երևանի  էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջի դասխոսական կազմն ու ուսանողները։

Բացօթյա առևտրով զբաղվող առևտրականներից մի տարեց կին «7օր»–ին ասել է, թե իրենք իշխանություններից ո՛չ փող են մուրում, ո՛չ էլ իրենց առանձնատներն  են ուզում։

–Մենք  պարզապես ուզում ենք աշխատենք։ Ի՞նչ են ուզում էս հասարակ ժողովրդից։ Ինչի՞ մեկն ու  մեկը  չի իջնում ու մեր բողոքները  չի  ուզում լսել։ Ո՛չ հացի  փող ունենք, ո՛չ դեղի փող։ Ձեր  բարձրացրած թոշակները ձեզ թող մնա, մեզ ուղղակի  թույլ տվեք աշխատենք, ուրիշ  բան չենք ուզում,–հայտարարել է տարեց կինը։

Հիշեցնենք, որ քաղաքապետի  որոշմամբ Երևանում արգելվել  է բացօթյա առևտուրը, որի հետևանքով բազմաթիվ առևտրականներ  դարձել են գործազուրկ։

Երևանի  էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջի դասախոսական կազմն ու ուսանողներն էլ պահանջում են, որ չեղյալ հայտարարվի ՀՀ մշակույթի նախարարության այն որոշումը, որով իրենց ուսումնական հաստատությունը  միավորում են Երևանի մշակույթի պետական քոլեջին։

–«Ազատե՛ք մեզ մշակույթի  նախարարի կամայականություններից», «Մի՛ խաղացեք ուսանողների ճակատագրի հետ», «Մշակույթի  նախարարը՝ ընդդեմ մշակութային կրթօջախի», «Էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջը փորձադաշտ չէ»,–իրենց պաստառներով և կոչերով բարձրաձայնում էին քոլեջի ուսանողները։

Նշենք նաև, որ ոստիկանության աշխատակիցները շրջապատել էին բողոքողներին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը