Տնտեսական

26.05.2011 14:26


Վարչապետի խոսքի և գործի տարբերությունը

Վարչապետի խոսքի և գործի տարբերությունը

Տևական ժամանակ է, ինչ կառավարությունը ամբողջ կազմով դեմքով շուռ է եկել դեպի գյուղը, և վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ հավաստիացնում է, թե անհրաժեշտ բոլոր քայլերը ձեռնարկվելու են գյուղանտեսությունը ճգնաժամից դուրս բերելու համար: Մասնավորապես Շիրակի մարզի Բերդաշեն համայնքում բոլորովին վերջերս կառավարության ղեկավարն ու գյուղնախարար Սերգո Կարապետյանը հայտարարեցին, թե գյուղերի զարգացումը ապահովելու համար իրենք մշակել են արդյունավետ քաղաքականություն, որի բաղկացուցիչ մասերից է ցածր տոկոսադրույքով գյուղատնտեսական վարկերի տրամադրումը: Այն էլ, ինչպես հավաստիացրել են կառավարություն ներկայացուցիչները, վարկերի տրամադրման ֆոնդը անսահմանափակ է լինելու:

Սակայն որոշ ժամանակ գործելուց հետո այժմ 2 օր է՝ արդեն դադարեցվել է 14%-ով գյուղվարկերի տրմադրումը: Առևտրային բանկերի ներկայացուցիչները նշում են, որ գյուղվարկերի համար հատկացված ֆոնդը սպառվել է, և անհայտ է, թե երբ լրացուցիչ ֆինանսավորում կլինի: Տարօրինակն այն է, որ այդ վարկերից Շիրակի մարզում շատ գյուղաբնակներ հրաժարվում են, իսկ շատերը նույնիսկ ցանկության դեպքում չեն կարողանում վերցնել, քանի որ վարկի տրամադրման պայմանները շատ խիստ են: Հետևաբար՝ թե ինչպե՞ս է պատահել, որ «անսահմանափակ» ֆոնդը նման արագությամբ սպառվել է, հարցական է մնում: Շիրակի մարզի գյուղերում քչերն են դիմել վարկ ստանալու համար, նախ՝ որ, ըստ գյուղացիների, բանկի հետ գործ ունենալը խիստ ռիսկային է, և երկրորդ՝ պահանջներն այնպիսին են, որ գործնականում հնարավոր չէ դրանից օգտվել:

–Առանց գրավի չեն տալիս, պահանջում են ջրովի հողատարածք, լավ տուն կամ բնակարան քաղաքում, թանկարժեք ավտոմեքենա: Հիմա, եթե ես էդ ամեն ինչը ունենամ, էլ իրենց տված վարկը ի՞նչ եմ անելու: Ես անասուններ ունեմ, սակայն հրաժարվում են գրավ ընդունել,–ասել է Կարմրաքար համայքնում  ֆերմա ունեցող Սուրեն Վարդանյանը:

Կարմրաքարից միայն գյուղապետի որդին է վարկ վերցրել: Կողքի համայնքներից էլ վարկ քչերին է հասել: Գյուղացիները նշում են, որ առհասարակ կառավարության ներկայացուցիչները վարկից ավելի շատ խոսում են, քան տրամադրում:

Գրեթե նույն իրավիճակն է հարևան համայնքներում: Մարզի աղքատ գյուղական համայնքներում, որոնք մեծամասնություն են կազմում և իրապես կարիք ունեն պետական աջակցության, կառավարության՝ գյուղերի զարգացման ալիքը դեռ չի հասել, գյուղացիների հմինական մասը աղքատ է կամ աղքատության շեմին է, ոռոգովի հողատարածքներ գրեթե չկան, իսկ անասնապահությունը զգալի ֆինանսական ներդրում է պահանջում:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը