Աշխարհ

12.03.2021 14:05


Ադրբեջանից կաշառք վերցնելու մեջ մեղադրվող գերմանացի պատգամավոր է վայր դրել մանդատը

Ադրբեջանից կաշառք վերցնելու մեջ մեղադրվող գերմանացի պատգամավոր է վայր դրել մանդատը

Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Մարկ Հաուպտմանը վայր է դրել մանդատը՝ Ադրբեջանից կաշառք վերցնելու, նրանց համար լոբբիստական գործունեություն իրականացնելու և իր թերթում այդ երկիրը գովազդելու գործի առնչությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «Deutsche welle»-ն:

Հաուպտմանը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի պահպանողական կուսակցության անդամ է և արդեն երրորդ գերմանացի խորհրդարանականն է, որը վայր է դնում մանդատը վերջին մեկ շաբաթվա ընթացքում: Մյուս երկուսը՝ Նիկոլաս Լյոբելը և Գեորգ Նյուսլենը, ներքաշված են եղել «դիմակային սկանդալում»՝ համավարակի պայմաններում դիմակների բիզնեսում ներգրավվածության համար:

Մարկ Հաուպտմանը հերքել է Ադրբեջանից գումար վերցնելու վերաբերյալ մեղադրանքները: «Ես երբեք որևէ գումար չեմ ստացել և երբեք իմ քաղաքական գործունեության վրա որևէ ճնշում չի եղել»,-ասել է նա:

Մարտի 5-ին Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագն անձեռնմխելիությունից զրկել է պատգամավոր Աքսել Ֆիշերին, որպեսզի քննչական մարմիններին հնարավորություն տա խուզարկություններ անցկացնել և ապացույցներ հավաքել Ադրբեջանի իշխանություններից պատգամավորի կաշառք վերցնելու քրեական գործի առնչությամբ: Ադրբեջանի իշխանություններից կաշառք վերցնելու և այդ երկրի օգտին միջազգային կառույցներում լոբբիստական առաքելություն իրականացնելու մեջ մեղադրվում են Բունդեսթագի ներկա և նախկին մի խումբ պատգամավորներ, որոնք եղել են Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի գերմանական պատվիրակության կազմում:

Այս խորագրի վերջին նյութերը