Լրահոս

25.05.2011 18:02


Երևանում իրականացվող քրեածին քաղաքաշինության և հին գլխավոր Ճարտարապետի վերանշանակման կապակցությամբ

Սկսած իննսունական թվականների վերջից քաղաքում նոր թափ առավ պատմական եւ մշակութային հուշարձանների վերացման, հանրային տարածքների, կանաչ գոտիների, բակերի եւ մայթերի զավթման հանցագործ գործընթացը: Օրենքների կոպիտ խախտումներով եւ մասնագիտական առումով ոչ գրագետ  ճարտարապետական ծրագրերը այդ ժամանակվա քաղաքի գլխավոր ճարտարապետի ղեկավարությամբ եւ իշխանությունների հովանավորությամբ մայրաքաղաքի քաղաքաշինական զարգացումը տարան ծայրահեղ սխալ ուղով` խաթարելով քաղաքի բնականոն կյանքը եւ աղավաղելով մայրաքաղաքի դիմագիծը: Այդ ծրագրերի հիմքում դրված էր անբարո գաղափար` մայրաքաղաքը իր պատմությամբ, մշակույթով, հանրային նշանակության տարածքներով եւ մարդկանցով ծառայեցնել մի  խումբ մարդկանց  մասնավոր շահերին:

Այժմ նախկին  գլխավոր Ճարտարապետի վերանշանակումով հաստատվում է, որ ներկա իշխանությունների «Առաջ Հայաստան» կարգախոսը ընդամենը նշանակում էր հասարակության կողմից մերժված,  քրեականացված նոմենկլատուրայի մշտական  վերադարձ, արատավոր անցյալի վերարտադրում, այսինքն` «Հետ Հայաստան»: Դա նաեւ  նշանակում է, որ երկրի նախագահը իր կադրային քաղաքականությամբ արհամարհում է հասարակական կարծիքը եւ այդպիսով էլ  ավելի խորացնում անջրպետը իր  եւ հասարակության միջեւ:

«Ժառանգություն» կուսակցությունը հայտարարում է, որ երկրի ապագայի համար մտահոգ բոլոր առողջ ուժերի ե  քաղաքացիների հետ միասին այսուհետ առավել մեծ վճռականությամբ եւ անհանդուրժողականությամբ  պայքարելու է երկրի ապագայի համար խիստ վտանգավոր եւ կործանարար վերոնշյալ  գործընթացների դեմ:

«Ժառանգություն» կուսակցություն

Այս խորագրի վերջին նյութերը