Կարծիք

08.03.2021 20:36


Որտե՞ղ է երաշխիքը

Որտե՞ղ է երաշխիքը

Այս օրերին շատ ակտիվ քննարկվում է Հայաստանի զինված ուժերի հայտարարությունը, և բնականաբար բոլոր հայրենասեր շրջանակները կոչ են անում բանակին անցնել կոնկրետ գործողությունների: Հասկանալի է, և բնական է: Բոլորն ընդգծում են, որ ժողովուրդը մեկ մարդու պես սատարում է զինվորականների բոլոր գործողությունները: Սա նույնպես ընկալելի է, որովհետև խնդիրը պետության վերջնական կործանումը կանխարգելելն է:

Չծանրաբեռնելու համար պետք է նշել, որ նշված դիրքորոշումը հիմնավորող բոլոր մնացած իրավական փաստարկները հասկանալի և ընկալելի են:

Սակայն, ըմբռնելու համար, թե ինչպիսի զգացումներ ունեն զինվորականները հանգուցալուծման տվյալ եղանակի նկատմամբ, պարտադիր պետք է զուգահեռներ անցկացնել 2008 թվականի փետրվարյան ու մարտյան իրադարձությունների և դրան հաջորդող ժամանակաշրջանում այս նույն` կոնկրետ գործողություններ պահանջող ժողովրդի կողմից ոստիկանության և հենց իրենց` զինվորականների նկատմամբ արտահայտած վերաբերմունքի հետ:

Զուգահեռ անցկացնելը պարտադիր է, որովհետև զինվորականները հասկանում են, որ այն ժամանակ, 2008թ-ին նույնպես` վտանգված էր Հայոց պետության և Արցախի գոյությունը, քանզի իշխանության հավակնորդ ընդդիմադիր ուժերը նույնն էին, նույնն էին նրանց գաղափարներն ու մոտեցումները, և հետևաբար իրենց հաջողության պարագայում ամեն ինչ լինելու էր առնվազն այնպես, ինչպես այսօր է, եթե Աստված ավելի վատից չփրկեր:

Այստեղ է, որ շատ կարևոր հարցեր են առաջ գալիս, որոնց մասին կարծես այդ նույն` կոնկրետ գործողություններ պահանջող շրջանակներն ու անհատները լռում են, և լիարժեք ու հստակ դիրքորոշում չեն արտահայտում, նաև` պատասխաններ չեն հնչեցնում:

Իսկ հարցերը հետևյալն են.

– արդյո՞ք 2018 թվականից սկսած, այս նույն` կոնկրետ գործողություններ պահանջող շրջանակներին պարզ չէր, որ 2008 թվականի ընդդիմության կողմից պատրաստվում էր հենց այն սցենարը, որն իրագործվեց 2018թվականից հետո,

– արդյո՞ք պետությունը 2008թ-ին պարտավոր չէր կանգնեցնելու ազգակործան այն ծրագրի իրագործումը, որն այսօր իրականություն է դարձել այդ նույն ուժերի կողմից 2018 թվականին իշխանությունը վերցնելուց հետո,

– արդյո՞ք 2008 թվականի իրադարձություններից հետո այս նույն` կոնկրետ գործողություններ պահանջող շրջանակները որևէ երախտիքի խոսք ասացին նրանց հասցեին, ովքեր ազգային ու պետական գիտակցության մղումով 2008 թվականին կանգնեցրին այն ազգակործան ծրագրի իրականացումը, որի ականատեսն ենք այսօր, թե՞ ընդհակառակը` միացան ոստիկանների, զինվորականների և երկրի ղեկավարության հեղինակազրկման ուղղությամբ ծավալված կամպանիային,

– արդյո՞ք այդ նույն` կոնկրետ գործողություններ պահանջող ուժերն ու անհատները 2018թ-ից ի վեր հանդես եկան ի պաշտպանություն նրանց, ովքեր 2008թվականին խափանեցին ազգակործան ծրագրի իրականացումը, սակայն հեղինակազրկվեցին և հայտնվեցին ամբաստանյալի աթոռին հենց այն ուժերի կողմից, որոնք իրագործեցին իրենց հակահայ և ապազգային ծրագրերը,

– արդյո՞ք զինվորականների սահմանադրական առաքելությունն իրականացնելու համար առնվազն այս օրհասական պահին չպետք է ազգովի ներողամտություն հայցենք նրանցից, ովքեր 2008 թվականին կանխեցին ազգակործան ընթացքը, սակայն ում հետագայում միայնակ թողեցինք ազգադավ և հակահայ ուժերի կողմից նրանց նկատմամբ կազմակերպված հեղինակազրկման կամպանիայում և շինծու քաղաքական դատավարություններում,

– հակառակ դեպքում այս նույն զինվորականներն ի՞նչ երաշխիք ունեն, որ չեն արժանանա հայտնի գործիչների այն ճակատագրին, ինչին որ արժանացան 2008 թվականի նույն սցենարով ընթացող ազգակործան ծրագրի իրագործումը կանխողները:

Որտե՞ղ է այսօրվա մեր զինվորականների երաշխիքն առ այն, որ նրանց ազգովի չենք հեղինակազրկի, և շինծու գործերով չենք նստեցնի ամբաստանյալի աթոռին հենց նրա համար, որ փրկել են հայրենիքը:

Արդյո՞ք ազգովի տվել ենք այդ երաշխիքը:

Անի Կարապետյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը