Կարծիք

08.03.2021 09:10


Փաշինյանը կորցրել է իր ամենահիմնական զենքը՝ մարդկանց մտքերի վրա ունեցած թելադրանքը

Փաշինյանը կորցրել է իր ամենահիմնական զենքը՝ մարդկանց մտքերի վրա ունեցած թելադրանքը

Իրավիճակը համառոտ․

Նիկոլ Փաշինյանը կորցրել է իշխանությունը։

Նրա ղեկավարած կառավարությունը չի տիրապետում իրավիճակին և մատնված է անգործության։ Այս ընթացքում Նիկոլ Փաշինյանը ջարդեց բոլոր ինստիտուտները և կառավարական հիմնարկներին զրկեց ավտոնոմ աշխատելու հնարավորությունից: Այժմ նրա անգործությունը ինքնաբերաբար փոխանցվել է կառավարությանը։ Տնտեսությունը փլուզվում է, գները թռնում են։

Զինված ուժերը դուրս են Նիկոլ Փաշինյանի վերահսկողությունից։ Ըստ ամենայնի, ամբողջապես չի վերահսկվում նաև ոստիկանությունը, իսկ ԱԱԾ-ն այս ընթացքում այնպես է ջարդվել, որ չի կարող լուրջ ուժային կառույց համարվել։ Անգամ եթե Նիկոլ Փաշինյանը պնդի Օնիկ Գասպարյանի պաշտոնանկության և ձերբակալության վրա, նա չի կարողանա դա իրականացնել։

Նիկոլ Փաշինյանը կորցրել է իր ամենահիմնական զենքը՝ մարդկանց մտքերի վրա ունեցած թելադրանքը։ Սոցիալական ցանցերում նրա ֆեյքերն ու զոմբիները այլևս չունեն ազդեցություն։ Մամուլը, որ ժամանակին Նիկոլ Փաշինյանի կարևոր դաշնակիցն էր, այժմ նրան է դարձրել հիմնական թիրախ։

Նիկոլ Փաշինյանը ուժերի գերագույն լարման շնորհիվ անգամ չկարողացավ հուժկու հանրահավաք կազմակերպել։ Նա կորցրել է նաև փողոցը։

Նրա իշխանական ատրիբուտներից մնացել է միայն իր ստորագրությունը, որով սովորության համաձայն շարունակում է բյուջեն տաշել, իր աթոռը, ինչի շնորհիվ շարունակում է երկիրը կործանել, և իր պատգամավորները, ովքեր իրեն օգնում են պահպանել ստորագրությունն ու աթոռը։

Այս հանգամանքներում նա չի կարող մտածել իր իշխանությունը պահպանելու կամ վերականգնելու մասին, քանի որ արդեն դրա գործիքներից էլ է զրկվել։

Միակ բանի, ինչի մասին հիմա կարող է մտածել Նիկոլ Փաշինյանը՝ իր գնալու անձնական անվտանգության երաշխիքներն են։ Այստեղ գեներալները և քաղաքական ընդդիմությունը պետք է օգնեն իրեն, որովհետև հիմնական խնդիրն այժմ փլուզումը կանգնեցնելն է։

Պատասխանատվության և մեղքի հարցերը կարելի է մի քիչ ուշ էլ քննարկել, մանավանդ որ ճիշտը վրեժը սառը և մանրամասն մատուցելն է։

Աղասի Ենոքյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը