Կարծիք

06.03.2021 16:24


Արտաքին քաղաքականության և հատկապես ԼՂ գործընթացին առնչվող գնացքը տեղից շարժվել է

Արտաքին քաղաքականության և հատկապես ԼՂ գործընթացին առնչվող գնացքը տեղից շարժվել է

Հայաստանի Արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյան (պաշտոնավարման տարիները՝ 1998-2008 թթ)

«Իմ երկարամյա դիվանագիտական փորձից ելնելով, կարող եմ հաստատապես ասել, որ երբ միջնորդների, միջազգային հանրության մոտ ձևավորվում և կարծրանում են տեսակետներ, հետագայում դրանց դեմ պայքարելն ու փոխելը շատ դժվար է լինում: Այդպես էր նույնիսկ, երբ մենք հաղթական և գերիշխող դիրքերում էինք: Այսօր երբ պարտվել ենք պատերազմ, բարոյալքվել ենք և գտնվում ենք ներքաղաքական ցնցումների մէջ, նման իրավիճակներին դիմագրավելը շատ ավելի դժվար է եւ անմարդկային ջանքեր է պահանջում:

Այսօր մեր շուրջ և մեր մեջքի հետևում մեզ անմիջապես վերաբերող հարցերում լուրջ գործնթացներ են տեղի ունենում: Պատերազմի արդյունքների ու մինչ օրս շարունակվող անգործության հետեւանքով ձեւավորվել են մեզ համար կործանարար նոր կարծրատիպեր, որոնք շրջելը ամեն օր՝ էլ ավելի է բարդանում։

Դրանք հիմնված են երեք փաստարկումների վրա. Լեռնային Ղարբաղի հարցը լուծված է, դա Ադրբեջանական տարածք է որտեղ ապրում են հայեր որոնց՝ մարդու իրավունքներին վերաբերող հարցերում կարելի է ականջալուր լինել, և վերջապես՝ ժամանկն է որ նայենք դեպի ապագան: ԱՄՆ-ի և Եվրոպական Միության քաղաքական և դիվանագիտական շրջանակներում շրջանավորվող շշուկները ինչպես նաև Ադրբեջանի նախագահի և Թուրքիայի ամենաբարձր պաշտոնյաների արած հայտարարություները վկա:

Արտաքին քաղաքականության և հատկապես Լեռնային Ղարաբաղի գործընթացին առնչվող գնացքը տեղից շարժվել է։ Այս պահի դրությամբ, երբ այն սկսում է արագություն հավաքել, մենք ոչ թե կողքից քայլում ենք՝ փորձ անելով ցատկել ներս, այլ կանգնել ենք։ Այդ գնացքը շուտով կլքի կայարանը, եթե մենք չսկսենք արագ վազել նրա հետևից և ներս ցատկել։

Դա անելու համար մեզ անհրաժեշտ է աշխատել երեք ուղղությամբ՝ դիվանագիտական, ռազմական և միջազգային իրավական։

Դիվանագիտական

Դիվանագիտական ճակատում հայկական կողմը շատ արագ պետք է հստակեցնի իր սկզբունքային դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հարցում։ Իմ համոզմամբ՝ դա պետք է կառուցված լինի հետևյալ դրույթների վրա․

1-Նոյեմբերի 9-ի հայտարարությունը այդ պահին Լեռնային Ղարաբաղում և հարակից շրջաններում պատերազմական գործողությունների արդյունքում ստեղծված իրավիճակի արտացոլումն է։ Դրա բովանդակությունը ոչ թե Հայաստանի Հանրապետության կամքի և ցանկության, այլ ռազմական ուժով պարտադրված իրավիճակի արտահայտությունն է։

2-Ռազմական գործողությունների արդյունքում ստեղծված ստատուս-քվոն երբեք չի կարող հիմք ծառայել տարածաշրջանում երկարատև և կայուն խաղաղության, ինչպես նաև հարևան երկրների միջև բարիդրացիական հարաբերությունների հաստատման համար։ Ինչպես 1994-ին պատերազմի արդյունքում ամրագրված ստատուս-քվոն հիմք չծառայեց հաջորդ 25 տարիներին խաղաղությանը, այնպես էլ այս պատերազմի արդյունքում ստեղծված իրավիճակը չի կարող ամուր խաղաղության հիմք լինել գալիք տարիների համար։

3-Հայկական կողմը երբեք հավակնություն չի ունեցել և ապագայում էլ չի ունենալու տարածքների վրա, որոնք իրենը չեն եղել, բայց նախանձախնդիր և հետևողական է լինելու տեր կանգնելու այն ամենին, ինչ արդարացիորեն պատկանում է իրեն։

4-Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ իր հողում ինքնորոշվելու իրավունքի իրացումը, ինչպես անկախության առաջին օրվանից, շարունակելու է մնալ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության գլխավոր խնդիրը։

Այս սկզբունքները հրապարակայնացնելուց հետո մեր դիվանագիտությունը ակտիվ և հետևողական կուլիսային աշխատանք պետք է տանի դրանց հիմնավորման և ամրագրման հարցում մեր տարածաշրջանի հիմնական դերակատարների հետ՝ շեշտը դնելով Ռուսաստանի, բայց ոչ նվազ՝ մյուս շահագրգիռ կողմերի հետ գործակցության վրա։

Ռազմական

Դիվանագիտական այս աշխատանքին միս և արյուն տալու համար անհրաժեշտ է ստեղծել համազգային մի մարմին, որտեղ ներգրավված կլինեն անձինք Հայաստանից, Արցախից և Սփյուռքից, որոնց առաջ խնդիր դրված կլինի ամենակարճ ժամկետում մշակել և կիրառության դնել Հայաստանի բանակի վերակենդանացման, վերազինման և կատարելագործման ծրագիր՝ լրջագույնս աշխատելով դրա համար տնտեսական հիմքեր ու ֆինանսական աղբյուրներ ստեղծելու ուղղությամբ։

Բնական է, որ տարածաշրջանում գետնի վրա իրավիճակի էական փոփոխություն է տեղի ունեցել։ Փոխվել են մեր ներկա և ապագա մարտահրավերները։ Այդ բանակի կառուցվածքը, զինատեսակները և ընդհանրապես բնույթը պետք է համահունչ լինեն նոր ստեղծված իրավիճակին և մարտահրավերներին։ Այն պետք է տարբեր լինի դասական կամ կոնվենցիոնալ բանակից, վերածվի շատ ավելի շարժունակ, դիպուկ և նպատակամետ բանակի։

Միջազգային իրավական

Միջազգային իրավական ոլորտում նույնպես անհրաժեշտ է ստեղծել համազգային մի մարմին՝ կրկին բաղկացած Հայաստանի, Արցախի և Սփյուռքի ներկայացուցիչներից: Դրանում պետք է ներդրվեն լուրջ միջոցներ, ներգրավվեն միջազգային իրավաբանական հաստատություններ՝ հետապնդելու առաջին հերթին գերիների վերադարձի խնդիրը, բարձրացնելու Ադրբեջանի կողմից պատերազմի ընթացքում քիմիական զենքի կիրառման և միջազգային քրեական հետապնդում ենթադրող գործողությունները, ինչպես նաև Ադրբեջանի հսկողության տակ գտնվող հայկական մշակութային արժեքների պահպանման հարցերը։

Եթե մենք ուզում ենք, որ մեր հակառակորդները, բարեկամներն ու հարևանները, ինչպես նաև միջազգային հանրությունը մեզ լսեն, հարգեն և մեզ ընկալեն որպես տարածաշրջանային դերակատար, անհրաժեշտ է, որ այս երեք ուղղություններով չհապաղենք և ամենակարճ ժամկետում սկսենք արդյունքներ ցույց տալ։

Ավելին՝ եթե շարունակվի այս ներքին համառությունը եւ արտաքին անգործությունը, ապա, իմ խորին համոզմամբ, ոչ հեռու ապագայում մեզ սպառնում է Արցախի մնացորդ մասի նախիջեւանացումը, Սյունիքի հայաթափումը ու նույնիսկ կորուստը»։

Այս խորագրի վերջին նյութերը