Տնտեսական

05.03.2021 17:18


Տնտեսությունը դուրս է եկել կառավարության վերահսկողությունից և ազատ անկման մեջ է, գլորվում է դեպի անդունդ․ Արթուր Խաչատրյան

Տնտեսությունը դուրս է եկել կառավարության վերահսկողությունից և ազատ անկման մեջ է, գլորվում է դեպի անդունդ․ Արթուր Խաչատրյան

Եթե հավատանք նույնիսկ պետական պաշտոնական տվյալներին, ապա տնտեսության մեջ ազատ անկումը շարունակվում է։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ, ՀՀ գյուղատնտեսության նախկին նախարար Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով տնտեսական ցուցանիշներին։

«Ունենք տնտեսական ակտիվության ցուցանիշի անկում, ունենք ներկրման, արտահանման անկում, տվյալներ կան, որ արտագաղթն է շատացել, ունենք գների էական աճ։ Եթե սրանից մեկ ամիս առաջ ձեթը հազար դրամ էր, ինչը արդեն իսկ բարձր գին էր, ապա հիմա դա էլ չունենք»,-ասաց նա։

Արթուր Խաչատրյանը նշեց, որ չնայած Կենտրոնական բանկի համառ ջանքերին՝ դրամը շարունակվում է արժեզրկվել հիմնական արժույթների նկատմամբ։ «Այս ամենը ցույց է տալիս, որ տնտեսությունն ուղղակի դուրս է եկել կառավարության վերահսկողությունից և ազատ անկման մեջ է, գլորվում է դեպի անդունդ, ինչպես Հայաստանի Հանրապետության ցանկացած այլ ոլորտ»,-ասաց նա։

Արթուր Խաչատրյանն այս ամենը բնական համարեց՝ հաշվիր առնելով կառավարության անդամների պատրաստվածությունը, տնտեսական տեսլականի բացակայությունը։ Նա նշեց, որ որպեսզի սպառումը մեծանա, մարդիկ պետք է գումար ունենան, իսկ մարդիկ գումար չունեն։

Արթուր Խաչատրյանը նկատեց, որ կառավարությունը ոչինչ չի անում, որ տնտեսությունն աշխուժանա, ներդրումներ չեն արվում։ «Եթե որևէ բան չփոխվի, այս միտումները կշարունակվեն․ դրամի կուրսը չեն կարողանա պահել, ինչը կբերի աշխատատեղերի կրճատման, կհանգեցնի արտագաղթի։ Երևան-Մոսկվա տոմսը մոտ 8-9 անգամ ավելի թանկ արժի, քան Մոսկվա-Երևան տոմսը, դա խոսում է այն մասին, որ մարդիկ երկրից հեռանում են»,-ասաց նա։

Արթուր խաչատրյանը, անդրադառնալով կառավարության կողմից թողարկած պարտատոմսերին, ասաց․ «Պարտքը բարձրացնում են, որ կարողանան թոշակներ, աշխատավարձեր տալ, գուցե նաև պարգևավճարներ տան։ Սփյուռքի վստահությունն ընկել է՝ կապված Հայաստանի համահայկական հիմնադրամի աճպարարության հետ»։ ՀՅԴ ԳՄ անդամը նշեց, որ պետությունը չի կարող պասիվ ձեռքերը ծալել և կողքի քաշվել, պետք է կարողանա ներդրումներ անել։ «Նույնիսկ կառավարության մեջ տնտեսական քաղաքականության վերաբերյալ կոնսեսուս չկա»,-նկատեց նա։

Այս խորագրի վերջին նյութերը