Լրահոս

25.05.2011 14:32


ՀԱԿ–ը իշխանությունների հետ պատգամավորական տեղերի համար «բազարի» չ՞ի գնա

 ՀԱԿ–ը իշխանությունների հետ պատգամավորական տեղերի համար «բազարի» չ՞ի գնա

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը հայտարարել է, թե ՀԱԿ–իշխանութուն երկխոսությունը լինելու է իշխանափոխության, իշխանություն հանձնելու գործընթացի վերաբերյալ։

–Երկխոսության թեման սկսվել է 2008–ի մարտից։ Մեր դրած պահանջների կատարման դեպքում երկխոսություն կարող է լինել նախագահական, խորհրդարանական արտահերթ ընտրությունների վերաբերյալ։ Մեր դիրքորոշման և ռազմավարության մեջ ոչինչ չի փոխվել,–ասել  է նա։

«7օր»–ի հարցին՝ հավատո՞ւմ է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ կլինեն, Արամ Մանուկյանը պատասխանել է, որ մեկ տարի առաջ ոչ ոք չէր հավատում, որ Ազատության հրապարակը կվերանվաճվի, իշխանությունը կհասնի այն նեղ վիճակին, որ մարտի 1–ի գործը վերաբացելու որոշում կկայացնի։

–Սա ժողովրդի հետևողական, շարունակական, գրագետ պայքարի արդյունքն է, և դրա արդյունքում է նաև, որ իշխանությունը գնում է այդպիսի քայլերի։ Հավատացե՛ք՝ եթե հնարավորություն ունենային, չէին ընտրի այս ճանապարհը,–ասել է նա։

«7օր»–ի ճշտմանը, թե արդյոք կլինե՞ն արտահերթ խորհրդարանական ընտրություններ, Արամ Մանուկյանը պատասխանել է.

–Մեր այս ամբողջ գործունեությունը միտված է արտահերթ ընտրություններին։ Ամեն ինչ  անելու ենք արտահերթ համապետական ընտրություններ անցկացնելու համար։

–Նախագահակա՞ն, թե՞ խորհրդարանական ընտրություններ,–փորձել են ճշտել լրագրողները։

–Սկզբում նախագահական, հետո՝ խորհրդարանական,–պատասխանել է Արամ Մանուկյանը։

Հարցին, թե ինչո՞ւ հենց այսօր եղավ այդ երկխոսությունը, նա պատասխանել է, որ միակ գործոնը ժողովրդի ճնշումն է։

–Եթե չլինեին ժողովրդական մեր այս վերջին հինգ միտինգները, չէր լինի եվրոպական կառույցների այս վերաբերմունքը,–ընդգծել է ՀՀՇ վարչության ղեկավարը։

Հարցին, թե ՀԱԿ–ի առաջադրած 3 պահանջների կատարումից հետո ո՞րն է լինելու ՀԱԿ–ի հաջորդ քայլը՝ պահանջելո՞ւ են Սերժ Սարգսյանի հրաժարականը, որ լինեն արտահերթ ընտրություններ, նա պատասխանել է, որ մայիսի 31–ի երեկոյան կայացվելիք որոշման մասին ինքը ոչինչ չի կարող ասել, որովհետև չգիտի, թե ինչ որոշում կկայացվի։

–Դա կախված է մի քանի գործոններից՝ ժողովրդի կամքից, մասնակցության «դոզայից» և իշխանությունների կատարած քայլերից։ Ըստ այդմ՝ օպերատիվ, շատ արագ տեղում որոշում կկայացվի,–ասել է նա։

Հարցին, թե սա նշանակո՞ւմ է, որ  իշխանությունը երկխոսության է մտել, որպեսզի  հանձնի  իշխանությունը, Արամ Մանուկյանը դրական պատասխան է տվել, որը ասուլիսին ներկա բոլոր լրագրողների բարձր ծիծաղն է արժանացրել։

Լրագրողների այն դիտարկմանը, թե ժողովրդի մեջ արդեն հիասթափություն կա և կարծիք, որ իշխանությունների և ՀԱԿ–ի միջև գործարք կա, ու նույնիսկ խորհրդարանում հատկացվող տեղերի քանակի մասին են խոսում, ՀՀՇ վարչության ղեկավարը պատասխանել է, որ երեք տարվա պայքարը ցույց է տվել, որ շարժման ղեկավարներն ազնիվ են։

–Նույնիսկ քաղբանտարկյալները բանտերում ազատությունը չուզեցին  արժանապատվության հաշվին, և դա դարձավ ՀԱԿ–ի ու շարժման գանձը, այն բարոյական հիմքը, որին ժողովուրդը հավատաց և եկավ մեր  կողքին կանգնեց։ Դա այն արժեքն էր, որ իր  շուրջը հավաքեց զոհերի ծնողներին, հալածյալների ընտանիքներին, որի շնորհիվ միջազգային հանրությունը թեքվեց մեր կողմը։ Այսինքն, համառությունն ու նվիրվածությունը, անկաշառությունն ավելացրին մեր արժեթղթերի գինը, և այդ արժեքի հիման վրա է, որ այս ժողվուրդը մեր կողքին կանգնած է։ Այդ արժեքը մենք երբեք որևէ կոճակի, պատգամավորական որևէ տեղի հետ չենք փոխի։ Հրանտ Մաթևոսյանն ասում է. «Ատելությունն  այնպիսի ոսկի է, որը մանրել և դրանով կոճակ առնել չի կարելի»։–Այն ատելությունը, որ այս հասարակությունն ունի այս իշխանության նկատմամբ՝ հոկտեմբերի 27, ապրիլի 4, մարտի 1... սրանք փոխհատուցվող արժեքներ  չեն, և ժողովուրդը կատի այն մարդկանց, այն քաղաքական ուժին, ով կմոռանա սրանք։ Եվ ՀԱԿ–ը սա շատ լավ հասկանում է։ Մենք այն ատելությունը, որը հասարակությունն ունի իշխանության նկատմամբ, և այն արժանապատիվ գանձը, որ մեր շարժումը պահում է, երբեք 20, 30, 40 պատգամավորական կոճակի հետ չենք փոխի. սա՛ է մեր  ուժը։ Դա վիրավորանք է ՀԱԿ–ի, ՀՀՇ–ի, մեր ազատամարտիկ ընկերների համար, երբ մեկի մտքով անցնում է, որ ՀԱԿ–ը կարող է «բազարի գնալ» պատգամավորական տեղերի համար. չի՛ լինի նման բան,–ընդգծել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը