Աշխարհ

05.03.2021 21:50


Համավարակի պատճառով շուրջ 168 մլն երեխա գրեթե 1 տարի դպրոց չի հաճախել. ՅՈՒՆԻՍԵՖ

Համավարակի պատճառով շուրջ 168 մլն երեխա գրեթե 1 տարի դպրոց չի հաճախել. ՅՈՒՆԻՍԵՖ

Աշխարհում ավելի քան 168 միլիոն երեխա COVID-19-ով պայմանավորված կարանտինային սահմանափակումների պատճառով գրեթե մեկ տարի չի հաճախել դպրոց: Բացի այդ, շուրջ 214 միլիոն երեխա բաց է թողել ամբողջական դրույքով ուսման երեք քառորդից ավելին: Այս մասին հաղորդվում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի պաշտոնական կայքում:

Աշխարհի 14 երկրների դպրոցները հիմնականում փակ են մնացել 2020 թվականի մարտից մինչև 2021 թվականի փետրվար ամիսները: Այս երկրների երկու երրորդը գտնվում է Լատինական Ամերիկայում և Կարիբյան տարածաշրջանում: Այս ամենի հետևանքով ընդհատվել է ավելի քան 98 միլիոն դպրոցականների ուսումը: Դպրոցները ամենաերկարն են փակ մնացել Պանամայում, Սալվադորում, Բանգլադեշում և Բոլիվիայում:

«Ամեն օրվա հետ դպրոցում լրիվ դրույքով կրթություն չստացող երեխաների թիվն ավելանում է: Մենք չենք կարող մեզ թույլ տալ ևս մեկ տարվա սահմանափակումներ, և այս երեխաների լրիվ դրույքով կրթության իսպառ բացակայություն: Պետք է անել ամեն բան, որ դպրոցները վերաբացվեն»,-ասել է կազմակերպության գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորը:

Նշվում է, որ դպրոցների հետագա փակումը ծանր հետևանքներ կունենա երեխաների ուսման և ապագա բարեկեցության համար: Ամենախոցելի ուսանողները, որոնք չունեն հեռավար ուսուցման հնարավորություն, կարող են ընդհանրապես չվերադառնալ ուսման:

Ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի վերջին տվյալների, այսօր ամբողջ աշխարհում ավելի քան 888 միլիոն երեխայի ուսումնառությունը խաթարված է՝ դպրոցների ամբողջական կամ մասնակի փակման պատճառով:

Բացի այդ, մասնագետները հիշեցնում են, որ դպրոցներում երեխաները ոչ միայն սովորում են, այլև հնարավորություն են ունենում շփվել հասակակիցների հետ, լավ սնվել և բժշկական ծառայություններ ստանալ:

«Որքան երկար դպրոցները փակ մնան, այնքան երկար երեխաները կզրկվեն զարգացման այս կարևոր բաղադրիչներից»,-մտահոգվում են նրանք։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը