Լրահոս

24.05.2011 18:12


ՀՅԴ պատգամավոր. «Հանրային ծառայության մասին» օրենքի նախագիծը՝ հերթական ձևականություն

ՀՅԴ պատգամավոր. «Հանրային ծառայության մասին» օրենքի նախագիծը՝ հերթական ձևականություն

ԱԺ հայտարարությունների ժամին «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրինագծին անդրադառնալով՝ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն ասել է, թե այն պետք է ապահովեր Սահմանադրության 30–ի թիվ 2 հոդվածով նախատեսված՝ հանրությանը ծառայություն մատուցող պետական և տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությունը կանոնակարգելուն ուղղված նորմերը, սակայն ներկայացված նախագիծը ոչ միայն չի համապատասխանում Սահմանադրության նորմերին, այլև դրանում նախատեսված չէ որևէ սոցիալական երաշխիք հանրային ծառայողների համար՝ սկսած աշխատավարձից, մինչև նրանց բժկական ու կենսաթոշակային ապահովումը։

Նա հիշեցրել է, որ Կառավարությունը բազմիցս ԱԺ ամբիոնից հայտարարել էր, թե հանրային ծառայության վարձատրության միասնական օրինագիծ է հարկավոր։

–Դուք ձեր «կողմ» քվեարկելով՝ հաստատում եք, որ կառավարությունը հերթական անգամ չի կատարում իր խոսքը, և դուք էլ պետք է պաշտպանեք այդ մոտեցումը,–ասել է Ա. Մինասյանը։

Նա նաև ընդգծել է, որ նշյալ նախագիծը համակարգային առումով չի ներառում այնպիսի կարևորագույն ոլորտներ, ինչպիսիք են կրթությունը, առողջապահությունը և հանրությանը ծառայություններ մատուցելու այն ոլորտները, որտեղ ներգրավված աշխատողները պետք է զգային ու հասկանային, որ պետությունը պաշտպանում է իրենց։

Քաղաքական տեսակետից, ըստ Ա. Մինասյանի, Հայաստանը չի ապահովում այն դրույթները, որը ՀՀ–ն որդեգրել է՝ անդամակցելով «GRECO»-ին, և ձևականորեն էթիկայի հանձնաժողով է ստեղծում, որը չի կարող ապահովել հակակոռուպցիոն գործողություններ, որոնք միտված պետք է լինեն ՀՀ–ում բիզնեսի և քաղաքականության տարանջատմանը։

–Այս նախագիծը դառնում է հերթական ձևական մի նախագիծ, որը իրականում նպատակ ունի քողարկելու բիզնեսի և քաղաքականության սերտաճումը և իրական պայքար չի մղելու կոռուպցիայի դեմ,–ընդգծել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը