Հարցազրույց

02.03.2021 21:04


Եթե Փաշինյանը մոլագար է ու տգետ, Արմեն Սարգսյանը կրթված է և փորձ ունի, հետևաբար՝ միտումնավոր է նպաստում նրան, որ իշխանությունը ոտքերը մաքրի Սահմանադրության վրա. Ռուբեն Հակոբյան (տեսանյութ)

Եթե Փաշինյանը մոլագար է ու տգետ, Արմեն Սարգսյանը կրթված է և փորձ ունի, հետևաբար՝ միտումնավոր է նպաստում նրան, որ իշխանությունը ոտքերը մաքրի Սահմանադրության վրա. Ռուբեն Հակոբյան (տեսանյութ)

ՀՀ նախագահը ոչ պակաս պատասխանատու է կատարվողի համար, քան Նիկոլ Փաշինյանը, իշխանությունը Սահմանադրության և ՍԴ-ի վրա ոտքերը մաքրեց, նախագահը ոչինչ չարեց, մինչդեռ պետք է կասեցներ․ չեմ ուզում հավատալ, որ նախագահը չի գիտակցում պահի ճակատագրականությունը, ի վերջո, կոմպրոմատային պայքարն այսօր Փաշինյանի թիվ մեկ խնդիրն է, և եթե նա մոլագար է ու տգետ, նախագահը կրթված է և փորձ ունի, հետևաբար՝ միտումնավոր է անում այս ամենը: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է հայտնել ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը:

«Պետությունը գլխատված է, Հայաստանը անվտանգության և սուվերենության առումով կործանման եզրին է։ Այսօր իշխանության տերը Փաշինյանը չէ, իշխանությունը հայտնվել է փողոցում։ Որևէ պետական ինստիտուտ չի աշխատում, ընդամենը իր ընտանեկան կապալն է ղեկավարում Հայաստանը։ Նա ուզում է արյունով գնալ, և որքան շուտ մեկուսացվի, այնքան ապահով կլինենք բոլորս։ Նեղ շրջանակում նա ասել է, որ միայն իրեն սպանելով կարող են զրկել իր աթոռից։ Համաշխարհային պատմության մեջ չկա նախադեպ, որ նման պարտությունից հետո որևէ մեկը շարունակի պաշտոնավարել»,-ասել է նախկին պատգամավորը:

Ըստ Հակոբյանի՝ վարչապետի ամեն ելույթից հետո միջազգային հանրությունը ծիծաղում է մեզ վրա, մեր հավաքական կերպարը տգետի կերպար է. «Եթե տեսականորեն ընդունենք, որ վարչապետին սխալ է զեկուցվել «Իսկանդերի» մասին, չէ՞ որ դու ճանկռեցիր իշխանությունը, բա չմտածեցի՞ր ծանոթանալ՝ աշխարհում ինչ զենքեր կան, իմանալ՝ «Իսկանդերն» ինչի համար է։ ՌԴ նախագահի խոսնակի պատասխանը սարկաստիկ էր։ Գերագույն գլխավոր հրամանատարը, որը վիճում է ԳՇ-ի հետ, տեղյակ չէ՝ դա ինչ զենք է։ Նա պետք է շնորհակալ լինի Տիրան Խաչատրյանին և նրանից ներողություն խնդրի, ոչ թե ազատի գործից, Խաչատրյանը փրկել է նրա երեսը»:

Քաղաքական գործչի կարծիքով՝ պետք է լյուստրացիա լինի նաև ընդդիմադիրների շրջանում, քանի որ հիմա արդեն պարզ է՝ վարչապետը գնալու է, նա ռեսուրս չունի. «Իշխանական դաշտ չկա, կան Նիկոլ Փաշինյան և ուսապարկեր, որոնք արտասահմանյան դրամաշնորհների շահառու են։ Հիմա ընդդիմության ցանկացած սխալ քայլ խիստ գնահատականի կարժանանա։ Ոչ մի իշխանություն նման սրիկա քայլի չի դիմել, որ ՏԻՄ-երի ամբողջ ռեսուրսն օգտագործեն և մարդկանց բերեն հանրահավաքի։ Այնքան անմեղսունակ են, որ նույնիսկ հրապարակված հեռախոսազրույցներն են հերքում։ Արամ Սարգսյանը չգիտի՞, որ Վազգենի նկատմամբ ոչ ոք այնքան թույն ու ատելություն չի առաջացրել, որքան Նիկոլ Փաշինյանը։ Եղբոր անունը բիզնես նախագիծ է դարձրել»:

Նախկին պատգամավորի պնդմամբ՝ Վաղարշակ Հարությունյանն իրավունք չունի պաշտպանության նախարար լինելու, նա հայտնի է որպես «ռեստորանային գեներալ», իսկ Անդրանիկ Քոչարյանը ՊՆ-ն ամբողջությամբ վերցրել է իր վերահսկողության ներքո: «Նիկոլ Փաշինյանն այլևս չկա, նա քաղաքական դիակ է, այսօր երկիշխանություն է։ «Հայրենիքի փրկության շարժմանը» քննադատում են դանդաղելու համար, բայց հիմա նյարդերի կռիվ է։ Փաշինյանն այլևս իշխանության հետ որևէ կապ չունի, իր ընտանեկան կապալն է, եթե հրաժարական տա, հաջորդ օրը արդարադատությունը կգա նրա հետևից։ Նիկոլ Փաշինյանը դահիճ է, նա պետք է պատասխան տա իր բոլոր հանցանքների համար»,-ամփոփել է Ռուբեն Հակոբյանը:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը