Լրահոս

24.05.2011 10:09


Բակո Սահակյան. «Այսօր առհասարակ անհնար է խոսել փոխզիջումներից»

Բակո Սահակյան. «Այսօր առհասարակ անհնար է խոսել փոխզիջումներից»

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հարցազրույց է տվել «Էխո Մոսկվի» ռադիոկայանին և մասնավորապես ասել է.

«Այսօր Ստեփանակերտն ի վիճակի է ապահովել իր անվտանգությունը։ Եթե մենք դիտարկենք այդ հակամարտությունը լոկալ առումով, իհարկե, ի վիճակի ենք ապահովել մեր անվտանգությունը, ինչն էլ այսօր անում ենք: Մենք դա անում ենք` սկսած 1994-ից: Եթե գլոբալ իմաստով նայենք, սպառնալիքը վերաբերում է ոչ միայն Ղարաբաղին ու նրա ժողովրդին, կարծում եմ, դրա համար հավասար չափով պատասխանատվություն պետք է կրեն և՛ ՀԱՊԿ անդամները, և՛ եվրոպական պետությունները, և՛ առհասարակ միջազգային հանրությունը»։

Ինչ վերաբերում է փոխզիջումներին, Բակո Սահակյանն ասել է.

«Այսօր առհասարակ անհնար է խոսել փոխզիջումներից, քանի որ մենք ապրում ենք տարբեր իրողության պայմաններում: Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը մշտապես, կարելի է ասել, ամեն օր հանդես է գալիս Արցախի հասցեին սպառնալիքներով: Եվ, բնականաբար, այսպիսի պահվածքը, այսպիսի քաղաքականությունը չի կարող նպաստել ոչ բանակցային գործընթացին, ոչ էլ հակամարտության խաղաղ կարգավորմանը: Միջազգային հանրության աչքի առաջ Ադրբեջանն իրեն պահում է որպես ոչ կառուցողական միավոր, և բնականաբար, այդպիսի վերաբերմունքն ու մոտեցումը մեզ համար անընդունելի են: Ուստի անհրաժեշտություն չկա այսպիսի պայմաններում խոսել փոխզիջումների մասին»։

ԼՂՀ նախագահն ընդգծել է նաև, որ այսօր բանակցություններն ընթանում են առանց Ղարաբաղի, հետևաբար դրանք չեն կարող որևէ արդյունք ունենալ։

«Առանց Ղարաբաղի իմացության ոչինչ չի կարող իրականանալ, եւ մենք բազմիցս ենք հայտարարել, որ անհրաժեշտ է վերականգնել բանակցային ձևաչափը: Դուք գիտեք, որ ԵԱՀԿ բուդապեշտյան գագաթաժողովի որոշմամբ Ղարաբաղը համարվում էր բանակցությունների լիիրավ կողմ: Մենք հույս ունենք, որ միջազգային հանրությունը և մանդատով օժտված միջազգային կազմակերպությունները կհասկանան, որ անհրաժեշտ է վերականգնել բանակցային ձևաչափը,–հավելել է Բակո Սահակյանը,–Այսօր որոշ եվրոպական ու աշխարհի երկրներ մեր չճանաչվածության պատճառով հարաբերություններ չունեն մեզ հետ, բայց հաճույքով համագործակցում են մի պետության հետ, որտեղ տիրում են սուլթանական օրենքներ: Իհարկե, մեզ համար դա անթույլատրելի է, կարծում ենք, որոշ երկրներ ղեկավարվում են երկակի ստանդարտներով»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը