Լրահոս

24.05.2011 00:02


Այս տարի յոթերորդ անգամ կանցկացվի ՏՏ ոլորտում ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգևի մրցանակաբաշխությունը

Այսօր՝ մայիսի 24-ին, ժամը 15:00-ին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում տեղի կունենա ՏՏ ոլորտում ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգևի մրցանակաբաշխության հանձնաժողովի ամենամյա հանդիպումը մրցանակաբաշխության հավակնորդների հետ: Հանդիպմանը ներկա կլինեն մրցանակաբաշխությանը մասնակցող դպրոցների՝ ԵՊՀ-ին առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի, ՀՊՃՀ-ի Երևանի հենակետային վարժարանի, «Քվանտ» վարժարանի, «Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարան» կրթահամալիրի և «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի 10-11-րդ դասարանի աշակերտները:

Մրցանակաբաշխության հիմնական նպատակը տեղեկատվական տեխնոլոգիաների ասպարեզում լավագույններին ճանաչելն ու խրախուսելն է:

Պարգևները շնորհվում են բարձր առաջադիմություն ունեցող այն ուսանողներին և աշակերտներին, ովքեր ակտիվորեն մասնակցում են սոցիալական ծրագրերին, տարբեր օլիմպիադաների և մրցույթների, գիտական հոդվածների հեղինակներ են, ունեն բազմակողմանի գիտելիքներ ու այլ տաղանդներ:

2011թ. նախատեսված են հետևյալ անվանակարգերը՝

  • Գլխավոր մրցանակ
  • Լավագույն ասպիրանտ (I և II կարգեր)
  • Լավագույն մագիստրանտ (I և II կարգեր)
  • Լավագույն բակալավր (I և II կարգեր)
  • Լավագույն սփյուռքահայ մասնակից
  • Լավագույն ուսանողուհի
  • Լավագույն աշակերտ

Նախագահական ամենամյա մրցանակաբաշխությունը ֆինանսավորվում է Սինոփսիս Արմենիա ՓԲԸ-ի կողմից:

Մրցանակաբաշխությունն առաջին անգամ անցկացվել է 2005թ., և պարգևներ են շնորհվել ՏՏ ոլորտի 18 լավագույն ուսանողների և աշակերտների:

2006թ. նախագահական կրթական պարգևների են արժանացել 19 ուսանող և աշակերտ:

2007թ. ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգևների շնորհման հանձնաժողովը իր ընտրությունը կատարել է 148 թեկնածուներից: Պարգևներ ստացել են 27 ուսանող և աշակերտ:

2008թ. ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգևների շնորհման հանձնաժողովը իր ընտրությունը կատարել է 134 թեկնածուներից, որոնցից 29 ուսանող և աշակերտ արժանացել են պարգևների:

2009թ. ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգևների շնորհման հանձնաժողովը իր ընտրությունը կատարել է 110 թեկնածուներից, որոնցից 30 ուսանող և աշակերտ արժանացել են պարգևների:

2010 ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգևների շնորհման հանձնաժողովը իր ընտրությունը կատարել է 180 թեկնածուներից, որոնցից 37 ուսանող և աշակերտ արժանացել են պարգևների:

Անցած 6 տարիների ընթացքում 158 ուսանող և աշակերտ արժանացել են այս պարգևին:

Այս խորագրի վերջին նյութերը