Լրահոս

23.05.2011 16:20


Եվ ինչպես ասացին հենց իրենք` ավելի լավ է ապրես մանկատանը, քան նման մոր հետ:

Մոտենում է հունիսի 1-ը` երեխաների պաշտպանության միջազգային օրը, որին յուրաքանչյուր մանուկ սպասում է սրտի թրթիռով: Մանկատան երեխաները նույնպես բացառություն չեն, եւ նրանք էլ սպասում են այդ օրվան, սակայն ի տարբերություն այլ երեխաների` մանկատան սաները, առավել քան մյուսները, ունեն աջակցության եւ պաշտպանության կարիք:

«Զատիկ» մանկատանը բնակվում է շուրջ 90 երեխա: Նրանցից 40-ը արդեն չափահաս են եւ պետք է դուրս գան մանկատան խնամակալությունից, սակայն շարունակում են բնակվել այնտեղ` սպասելով պետության կողմից հասանելիք բնակարանների:

Կյանքի տարբեր պատմություններ ունեցող, բայց միեւնույն ճակատագրին արժանացած երեխաները այսօր եւս մեկ անգամ կանգնել են ընտանիքից զրկվելու վտանգի առաջ, քանի որ մանկատունը նրանց տունն է, իսկ մանկատան երեխաները` նրանց ընտանիքը: Իհարկե, բոլորիս ցանկությունն է ապրել մի երկրում, որտեղ յուրաքանչյուր երեխա կլինի իր ծնողի կողքին, առողջ եւ լիարժեք ընտանիքում, կստանա մայրական, ընտանեկան ջերմություն եւ սեր: Սակայն իրականությունն այլ է. մեր երկրում կա ծնողական խնամքից զուրկ մոտ 400 երեխա:

Այդ երեխաների մի մասը չունի ծնողներ, ոմանք` ունեն, բայց տարբեր իրավիճակներից դրդված` հայտնվել են մանկատանը: Այդ պատճառները տարբեր են` առողջական խնդիրներ /ալկոհոլիզմ, թմրամոլութուն/, իրավական բնույթի դրդապատճառներ /ամուսնալուծություն, երեխայի ապօրինի ծնունդ, ծնողի ազատազրկում/, սոցիալական անապահով վիճակ եւ այլն: Պատճառները տարբեր են, բայց դրանք կան: Առողջ ընտանիքի բացակայության դեպքում մանկատունը թերեւս միակ փրկության օղակն է. հակառակ դեպքում բարձիթողի վիճակը երեխային կտանի կործանման, իսկ այստեղ երեխան ստանում է ճահճից դուրս գալու հնարավորություն:

Գտնվելով այնտեղ եւ լսելով երեխաների պատմությունները` չէի ուզում հավատալ, որ նման ծնողներ, անգամ չեմ ուզում նրանց ծնող կոչել, գոյություն ունեն: Խոսքս այնպիսի ծնողների մասին է, ում սեփական երախան անգամ գերադասում է բնակվել մանկատանը, քան նրա հետ: Այս մասին նշեցին հենց իրենք` «Զատիկ» մանկատան որոշ սաներ, որոնք այստեղ դաստիարակություն եւ կրթություն ստանալու հնարավորություն ունեն եւ կարող են խուսափել ծնողների կողմից պարտադրված անցանկալի քայլերից /գողություն, մուրացկանություն եւ այլն/:

Երբ «Զատիկ» մանկատանն էի, պատահաբար ականատես եղա, թե ինչպես մանկատան նախկին սաներից մեկը, որը չցանկացավ ներկայանալ, արդեն իր դստեր հետ եկել էր այցելության իր իսկ բնորոշմամբ հարազատ մի վայր, որը փոխարինել էր իր այն ընտանիքին, որից բախտի քմահաճույքով զրկված է եղել: Այսօր նա ամուսնացած կին է, ունի դուստր, ում անմնացորդ տալիս է իր մայրական սերը, որը նա չի զգացել, որի պակասն էլ փորձել են լրացնել մանկատան դաստիարակները: Իհարկե, մայրը անփոխարինելի է, եւ միշտ ես զգում մոր կարիքը, բայց նա ջերմ հուշեր ունի մանկատան հետ կապված եւ ժամանակ առ ժամանակ այցի է գալիս:

19-ամյա Սարգիս Ներսիսյանը արդեն մեկ տարի է, ինչ չի համարվում մանկատան սան, բայց շարունակում է բնակվել այնտեղ, մինչ պետությունը նրան կապահովի բնակարանով: Սարգիսը 2-րդ կարգի հաշմանդամ է եւ ունի աչքերի վիրահատության կարիք, սակայն դրա հետ մեկտեղ այսօր նա գումար է վաստակում զարդեր պատրաստելով, շալեր գործելով եւ վաճառելով: Նա անգամ չի ուզում պատկերացնել, թե ինչ պետք է անի, եթե մանկատունը փակվի: Ինչպես իր նման բազում երեխաներ, նա էլ կհայտնվի փողոցում:

«Զատիկ» մանկատան երեխաների կոչն ու խնդրանքն է երկրորդ անգամ չզրկել իրենց տնից, քանզի իրենք իրավունք ունեն ապրել լիարժեք կյանքով, ստանալ կրթություն եւ դառնալ մեր երկրի արժանի քաղաքացի եւ, որ ամնեկակարեւորն է, հոգատար ծնող` զերծ պահելով սեփական երեխաներին իրենց բաժին ընկած ճակատագրից:

Ծնող դառնալը առաջին հերթին մեծ պատասխանտվություն է, եւ մինչ այդ քայլին գնալը գիտակցիր` ինչ ապագա ես կանխորոշում այդ անմեղ էակի համար, ով ամբողջ կյանքում ստիպված կրում է մանկատան երախայի անունը, ով անվերջ անցորդների աչքերում որոնում է իր մորը եւ երբեմն էլ տարիներ հետո նրան գտնելով` ավելի մեծ հիասթափություն է ապրում: Եվ ինչպես ասացին հենց իրենք` ավելի լավ է ապրես մանկատանը, քան նման մոր հետ:

Արփինե Մաթևոսյան

Այս խորագրի վերջին նյութերը