Լրահոս

23.05.2011 13:53


ԵՀՄՖ. «Հայկական երաժշտությունը կորցնում է իր ազգային դեմքը և վերջնականորեն վերածվում, ընդամենն, արևելյան երաժշտության»

Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի /ԵՀՄՖ/ նախագահությունից հայտնում են հետևյալը. վերլուծելով Եվրատեսիլում Հայաստանի մասնակցության ողջ արդյունքները, ստանում ենք այն, ինչ հաճախ շեշտվում է հայկական մամուլում. Հայաստանում մշակույթն անկում է ապրում, իսկ հայկական երաժշտությունը կորցնում է իր ազգային դեմքը և վերջնականորեն վերածվում, ընդամենն, արևելյան երաժշտության` թուրք-արաբական տարրերով: Հատկապես զարմացնում է այն, որ հայկական երաժշտության խիստ ազգային դեմք և ընդգծվածություն ունեցող հենքի վրա, որը պարզվել, մաքրվել ու հաստատվել է Կոմիտասի, Եկմալյանի և այլոց կողմից, այսօր տարածվում է ադրբեջանա-թուրքական ազդեցությամբ սերված մելոսը: Նույնիսկ կոնսերվատորիայի ժող. գործիքների բաժնի ոմն պրոֆեսոր, ելույթ ունենալով Եվրատեսիլ ներկայացված, ակնհայտորեն ադրբեջանական մոտիվ ունեցող երգի քննարկման ժամանակ, զարմանք հայտնեց, որ ինչու ենք խորշում տարածաշրջանային ազդեցության տակ գրված այս գործից, երբ մենք ապրում ենք այս տարածաշրջանում: Պարոն պրոֆեսորի և նրա նմանների կարծիքով եվրոպացուն մենք պետք է գրավենք այ հենց այս, մեր ունեցած ազգային երգի հետ համեմատած, անճաշակ և մեր անցյալի երաժշտության համար անհարիր արևելյան երաժշտությամբ: Զարմանալիորեն, ի հակադրություն սրան, Ադրբեջանն Եվրատեսիլում հաղթեց բացառիկ եվրոպական ու բավականին բարձր մակարդակի վրա պատրաստված մի ստեղծագործությամբ: Ասվածը հատկապես դրամատիկ է դառնում Իլհամ Ալիևի բազմիցս կրկնվող հայտարարության շնորհիվ. «հայերը ոչ միայն գողացել են մեր տարածքներն, այլև մեր երգը: Նույնիսկ ադրբեջանական մուղամը հայերը փորձում են յուրացնել և դարձնել իրենցը»:

Եվրատեսիլում Հայաստանին չհաջողվեց երբևիցե ոչ թե հաղթել, այլ լավագույն եռյակ ընդգրկվել, այն էլ այն դեպքում, երբ ողջ սփյուռքը, մեկ մարդու պես, սատարում էր մեր երգի ներկայացուցիչներին: Մինչ այս վերջին կատարումը հաջողության չենք հասել, քանի որ կազմակերպիչներն ունեցել է մի սկզբունք. երգը պետք է լինի պարզունակ, անընդհատ կրկնվող ֆրազաներով, որպեսզի հեշտ ընկալվի, իսկ որպես ազգային պետք է ներկայացվի արևելյանը, ընդ որում որոշ դեպքերում բավականին անճաշակ: Վերջին Եվրատեսիլի ժամանակ կրած ջախջախիչ անհաջողությունը քվեարկությանը սփյուռքի չմասնակցելու գործոնն էր նաև, որը սփյուռքի այսօրվա վերաբերմունքն էր Հայաստանի իշխանություններին, մասնավորապես նաև հայ-թուրքական արձանագրություններին ի պատասխան: Ասես որպես պատիժ մեր անհաջողության այս ֆոնի վրա հաղթեց Ադրբեջանը: Այդ հաղթանակը կլիներ սովորական, եթե չունենար արտառոց հետևանքներ Ադրբեջանի համար: Ծախսելով 2-3 մլն. դոլար` իր հաղթանակը ապահովելու համար, Ադրբեջանը ստացավ այնպիսի գովազդի հնարավորություն, որը հարյուրավոր միլիոններով չէր կարող ապահովել: Ամբողջ համաշխարհային մամուլը և հատկապես խոշորագույն ԶԼՄ-ները ներդաշնակորեն, արդեն երկու շաբաթ է, ներկայացնում են Բաքուն որպես մի հզոր, խոշոր համաշխարհային նշանակություն ունեցող արդյունաբերական կենտրոն` իր հմայիչ միջնադարյան ու ժամանակակից ճարտարապետությամբ / ի դեպ հաճախ նշվում է, որ ճարտարապետները հայերը, հրեաները և ռուսներն են/, և որ ամենազավեշտականն է որպես խոշոր մշակույթային կենտրոն, որը մեծ ազդեցություն է թողնում տարածաշրջանի վրա: Դժվար է հավատալ, որ կարելի էր այսպիսի միտք լսել, բայց, վերլուծելով այսօրվա հայկական երաժշտությունը, ստիպված ենք համաձայնվելու, որ գոնե երաժշտության հարցում օտարերկրյա մասնագետներն ու լրագրողները ճիշտ են: Եթե Բաքվին հաջողվի նույն ճանապարհով և նույն մակարդակի վրա կազմակերպել նաև Եվրատեսիլ 2012-ը, ապա տարածաշրջանում հզորագույն մշակույթ ունեցող հայ ժողովուրդը խնդիրներ է ունենալու ապագա սերունդներին ապացուցելու, որ հայերն ու ադրբեջանցիները մշակույթի հարցում հակապատկեր են. որ հայը ունի բարձրարժեք համաշխարհային արվեստ, իսկ ադրբեջանցին` ոչինչ: Բավական է հետևել ադրբեջանական գորգի, Բաքվի ճարտարապետության /այս երկուսի հիմքերն էլ հայկական են/ և ադրբեջանական երաժշտության /սա միակն է, որի հետ հայ ազգայինը կապ չունի/ լայնածավալ գովազդին, որն Ադրբեջանը ներկայացնում է ողջ աշխարհին, որպեսզի օտարերկրյացին այլևս չկարողանա կողմնորոշվել մեր ունեցած մշակույթային ժառանգությունը գնահատելիս: Այսպիսով հայը կորցնում է այն, ինչն ավելի քան մեկուկես հազարամյակ պաշտպանել է նրան ուծացումից, փոխարինել է զենքին, արժեքավորել մեր ժողովրդին` բարձրացնելով և դնելով համաշխարհային արժեքներ ունեցող ժողովուրդների շարքը: Կորցնելով մեր այս դիրքը, մենք տանուլ ենք տալիս ազգային ռազմավարության խնդիրներում և թուլացնում մեր պաշտպանունակությունը: Փրկելով մեր երգը, այն վերադարձնելով կոմիտասյան ակունքներին մենք դառնում ենք անհասանելի տարածաշրջանի բոլոր ժողովուրդների համար: Մնում է կամ հասկանալ այս տարրական ճշմարտությունը և անբողջովին փոխել հայ ազգային երաժշտության ռազմավարությունը, կամ շարունակել անճաշակն ու այլանդակը ժողովրդի վրա ծախելու բիզնեսը` ժողովրդին հեռացնելով իր ակունքներից և թողնելով անպաշտպան ադրբեջանա-թուրքական էքսպանսիայի դիմաց: Ասվածն ԵՀՄՖ ավելի խորն է ընկալում շփվելով սփյուռքահայ երաժշտության հետ, որը հայաստանյան երաժշտության ածանցյալն է օտարերկրյա ազդեցությունների առավել մեծ ճնշումների տակ ձևափոխված: Այս իսկ պատճառով ԵՀՄՖ կոչ է անում հայ երաժշտության ներկայով և ապագայով մտահոգված բոլոր մասնագետներին, հասարակական և քաղաքական գործիչներին փրկել հայ երգը` վերադառնալով կոմիտասյան սկզբունքներին, որը հայ ժողովրդի ռազմավարության կարևորագույն պատվարներից է:

ԵՀՄՖ-ի մամլո քարտուղարություն

Այս խորագրի վերջին նյութերը