Աշխարհ

23.02.2021 08:53


Վրաստանը նոր վարչապետ ունի

Վրաստանը նոր վարչապետ ունի

Իրակլի Ղարիբաշվիլին հաստատվեց Վրաստանի վարչապետի պաշտոնում: Խորհրդարանի այսօրվա նիստում նրա թեկնածությանը «կողմ» է քվեարկել 89 պատգամավոր, իսկ «դեմ» են քվեարկել երկու խորհրդարանականներ:

Իրակլի Ղարիբաշվիլին 38 տարեկան է, մինչ այժմ նա զբաղեցնում էր Պաշտպանության նախարարի պաշտոնը: Վրաստանի պատմության մեջ սա առաջին դեպքն է, երբ նույն անձը երկու անգամ է նշանակվում վարչապետի պաշտոնում:

Գիորգի Գախարիայի անսպասելիորեն հրաժարական տալուց հետո իշխող կուսակցությունը ստիպված էր նշանակել նոր վարչապետ: Գախարիան իր որոշման մասին հայտարարեց հատուկ ճեպազրույցում՝ փետրվարի 18-ին, ընդդիմության առաջնորդ Նիկա Մելիայի մոտալուտ ձերբակալման շուրջ ստեղծված լարված իրավիճակի ֆոնին: Գախարիան շեշտեց, որ իր հրաժարականի պատճառն իշխող կուսակցության հետ տարաձայնություններն էին՝ Նիկա Մելիային կալանքի տակ առնելու դատարանի որոշման կատարման շուրջ: Գախարիայի հրաժարականից հետո ՆԳՆ-ը չեղյալ հայտարարեց ամենամեծ ընդդիմադիր կուսակցության՝ «Միասնական ազգային շարժման» գրասենյակ բռնի ներթափանցման գործողությունը, որտեղ Մելիայի ավելի քան 500 գործընկերները և համախոհներն գոտեպնդվել էին և համախմբվել՝ ընդդիմադիր առաջնորդին «ֆիզիկապես պաշտպանելու» մտադրությամբ:

2012 թվականին խորհրդարանական ընտրություններում «Վրացական երազանքի» հաղթանակից հետո կառավարությունը փոխել է հինգ կաբինետ: Հինգերորդ վարչապետ Գիորգի Գախարիան վարչապետի պաշտոնում նշանակվել էր 2019 թ.-ի սեպտեմբերին:

Ղարիբաշվիլիի նախարարների կաբինետի նորացված կազմում կա ընդամենը երկու նոր նախարար:

Վարչապետ՝ Իրակլի Ղարիբաշվիլի,

Տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար՝ Իրակլի Քարսելաձե,

Արդարադատության նախարար՝ Գոչա Լորթքիփանիձե,

Ներքին գործերի նախարար՝ Վախթանգ Գոմելաուրի,

Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար` Նաթիա Թուրնավա,

Արտաքին գործերի նախարար` Դավիթ Զալկալիանի,

Ֆինանսների նախարար՝ Իվանե Մաճավարիանի,

Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարար` Միխեիլ Չխենկելի,

Բռնի տեղահանվածների, աշխատանքի, առողջապահության, սոցիալական պաշտպանության նախարար` Էկատերինե Տիկարաձե,

Գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության նախարար` Լևան Դավիթաշվիլի,

Պաշտպանության նախարար՝ Ջուանշեր Բուրճուլաձե,

Հաշտության և քաղաքացիական հավասարության պետնախարար՝ Թեա Ախվլեդիանի:

Աղբյուրը՝ jnews.ge

Այս խորագրի վերջին նյութերը