Լրահոս

23.05.2011 13:29


ՀԱԿ–իշխանություն երկխոսությունը ԼՂՀ–ում զիջումներ անելու համա՞ր է

ՀԱԿ–իշխանություն երկխոսությունը  ԼՂՀ–ում զիջումներ անելու համա՞ր է

«Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով ՀԱԿ–իշխանություն երկխոսությանը, ասել է, թե կա ոչ թե երկխոսություն, այլ երկխոսության իմիտացիա։

–Քաղբանտարկյալների ազատարձակումից հետո նոր պետք է սկսվի այդ երկխոսություն կոչվածը, որովհետև մինչև այսօր որևէ մեկը  չգիտի, թե ինչ է դա նշանակում։ Երկխոսության թեման ՀԱԿ–ն ասում է, թե արտահերթ ընտրություններն են, իսկ իշխանություններն ի սկզբանե ասում են, թե նման բան բացառված է։ Սա «разговор глухого с немым»`ոնց որ խուլը համրի հետ խոսի,–ասել է նա։

Ըստ Արամ Կարապետյանի՝ գուցե կարծիք կա, որ երկխոսության ընթացքում ինչ–որ բան կհամոզեն, սակայն, ըստ նրա, Հայաստնում իշխանությունները երկու դեպքում են համոզվում՝ կա՛մ իրենց ձեռնտու է, կա՛մ միջազգային ճնշումը շատ է ուժեղանում։

–Արտահերթ ընտրությունների հետ  կապված՝ մենք որևէ ճնշում չենք տեսնում։ Կարծում եմ՝ այսօր միջազգային հանրության գլխավոր  խնդիրը ոչ թե Հայաստանում արտահերթ ընտրությունների միջոցով որևէ բան փոխելն է, այլ ստեղծել այնպիսի մթնոլորտ, որի պարագայում հնարավոր է, որ ՀՀ իշխանությունները  գնան Ղարաբաղի  խնդրի հետ  կապված  որոշակի զիջումների, դրանից հետո էլ բացեն հայ–թուրքական սահմանը։ Ծրագրում կընդգրկվի Եվրոպային ինեգրվելու և հետագայում ՆԱՏՕ–ի հետ ավելի  համատարած, համընդգրկուն համագործակցություն սկսելու փաստը,–ասել է նա։

Արամ Կարապետյանի խոսքերով՝ միջազգային հանրությունը հասկանում է, որ հայ հասարակությունը թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում չի ընդունում սա. և եթե Հայաստանում փոփոխություններ չլինեն, գլխավոր քաղաքական ուժերը ի մի չգան, ապա այս ծրագիրն անցկացնելն անհնար է։

–Ա՛յ, դրա համար գնում  է այս ամբողջ գործընթացը։ Եթե երկխոսության արդյունքը  պետք է լինի  այս ամենը, ապա այդ երկխոսությունը շատ մեծ վնաս է Հայաստանին։ Էլի եմ ասում՝ եթե այդպես լինի, որովհետև ոչ ոք հստակ չգիտի՝ ինչ կլինի,–ընդգծել է նա։

Արամ Կարապետյանի պնդմամբ, սակայն, այս ծրագիրը  ենթակա է ձախողման, որովհետև սրան դեմ կլինեն ոչ միայն ԼՂՀ իշխանությունները, Հայաստանի ընդդիմադիր մյուս ուժերը, այլև հենց կոալիցիայի  անդամ  կուսակցությունների՝ և՛ ԲՀԿ–ի, և՛ ՀՀԿ–ի որոշ շրջանակներ։

–Դրա համար Հայաստանը  մտնելու է մի իրավիճակի մեջ, որը, ցավոք սրտի, կարող է իր մեջ ներառել պատերազմի մեծ վտանգ, քանի որ Ադրբեջանը չի ցանկանում սպասել՝ բարենպաստ իրավիճակ է,–ասել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը