Լրահոս

23.05.2011 13:21


Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց Շառլ Ազնավուրի մեծարման երեկոյին

Մայիսի 20-ին Նյու-Յորքում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց Շառլ Ազնավուրի մեծարման երեկոյին, որը կազմակերպվել էր Հայ օգնության ֆոնդի կողմից` Հայ Առաքելական եկեղեցու ԱՄՆ Արեւելյան ափի թեմի առաջնորդ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի նախաձեռնությամբ:

Մեծարման միջոցառման կազմակերպչական կոմիտեում ընդգրկված էին Նյու-Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգը, երգիչներ Լայզա Մինելին, Պլաչիդո Դոմինգոն, Սելին Դիոնը, Էլթոն Ջոնը:

Երեկոյին ներկա էին շուրջ 600 մասնակիցներ՝ ԱՄՆ կոնգրեսականներ, ամերիկյան մշակութային գործիչներ եւ հայ համայնքի ներկայացուցիչներ:

Ելույթ ունենալով միջոցառմանը՝ Էդվարդ Նալբանդյանը հայ մեծանուն երգչին փոխանցեց Նախագահ Սերժ Սարգսյանի ջերմ ողջույններ ու բարեմաղթանքները:

Իր խոսքում Հայաստանի արտգործնախարարը, բարձր գնահատական տալով Շառլ Ազնավուր Մարդուն, արվեստագետին եւ մեծ հայրենասերին, ասաց, թե երջանիկ է, որ տասը տարի շարունակ, լինելով Փարիզում Հայաստանի դեսպանը, Ազնավուրի հետ միասին Հայաստանին նվիրված բազմաթիվ ծրագրեր են իրականացրել  եւ նախատեսվում են նորերը: Նախարար Նալբանդյանը տեղեկացրեց, որ սեպտեմբերի 28-ին Հայաստանի եւ Ֆրանսիայի Նախագահների հովանու ներքո՝ Հայաստանի դեսպան, Ազգային հերոս Շառլ Ազնավուրը Հայաստանի 20-ամյակին նվիրված համերգ է տալու Փարիզի Օլիմպիա համերգասրահում:

«Գուցե թե ոչ բոլոր հայերը գիտեն, թե ով է Հայաստանի արտգործնախարարը, բայց վստահ եմ, որ երկրագնդի վրա չկա որեւէ հայ, որ չիմանա՝ ով է Շառլ Ազնավուրը։ Եւ ոչ միայն հայերը. Հիշում ես՝ երբ միասին մտանք հեռավոր Սամարղանդի շուկա, հարյուրամյա մի ծերունի, որ մուտքի մոտ գետնին նստած բրնձապուր էր վաճառում,  բացականչեց. Ես քեզ ճանաչում եմ, դու Ազնավուրն ես, Շառլ Ազնավուրը, La Boheme երգի հեղինակը»- վերհիշեց Էդվարդ Նալբանդյանը:

Խոսելով Ազնավուրի մեծության մասին՝ նախարար Նալբանդյանն ասաց. «Վստահ եմ, որ աշխարհի ամենատարբեր կողմերում տարբեր տարիքի, ծագման, մտածողության ու աշխարհայացքի տեր տարբեր մարդիկ են իրենց նույնացրել քո հարյուրավոր երգերի կամ ֆիլմերի հերոսներին։ Եւ նրանց բոլորին, մեզ  բոլորիս միավորում ես դու, հիացմունքն ու ակնածանքը քո արվեստի հանդեպ, քո կյանքի հանդեպ, որ ինքնին մի հրաշալի ֆիլմ է՝ պայծառ եւ ուսանելի՝ աշխատասիրության, սիրո, հումանիզմի, հայրենասիրության դասերով։

Բոլորի ցանկությունն է, որ անվերջ այդ ֆիլմը անվերջ շարունակվի»։

Այս խորագրի վերջին նյութերը