Լրահոս

21.05.2011 14:08


Հրանուշ Խառատյան. «Մենք այս ամենի մեջ կորցնում ենք մարդկային ռեսուրսը. մարդիկ արտագաղթում են»

Հրանուշ Խառատյան. «Մենք այս ամենի մեջ կորցնում ենք մարդկային ռեսուրսը. մարդիկ արտագաղթում են»

«Ժառանգություն» կուսակցության հրավիրած քաղաքացիական բաց համաժողովի ժամանակ ելույթ է ունեցել ազգագրագետ Հրանուշ Խառատյանը։ Նա նշել է, որ մեր երկիրն օրեցօր նորանոր կորուստներ է արձանագրում։

–Մենք կորցնում ենք մեր քաղաքը. քաղաքացին պաշտպանված չէ, հանրապետականության, մարդու պաշտպանվածության առանցքային գաղափար չկա։ Պատճառները չեմ ուզում քննարկել, որովհետև շատ է խոսվել։ Մենք արժանի ենք ինքնուրույն տնօրինելու մեր երկրի ճակատագիրը։ Մարդիկ կորցրել են հավատը։ Մեր տանը՝ մեր երկրում լինելու հնարավորությունը, մենք կորցրինք, ունենք իրավունքի անհավասարության փաստացի իրավիճակ,–ասել  է նա։

Ըստ Հրանուշ Խառատյանի՝ Հայաստանում բնակչության մեծ մասն աղքատ է։

–Սկզբում այդ աղքատությունը հասկանալի էր, և ամոթ չէր, բայց այս աղքատությունը անհասկանալի է, և ամոթ։ է։ Մենք այս ամենի մեջ կորցնում ենք մարդկային ռեսուրսը. մարդիկ արտագաղթում են։ Ես վախենում եմ նաև այն փաստից, որ երբ երկրում իրավիճակը նորմալանա, ո՞վ կտնօրինի այդ իրավիճակը։ Իմ կանխատեսումներով՝ արտագաղթը դեռ կմեծանա,–ասել է նա։

Հրանուշ Խառատյանի խոսքերով՝ մարդիկ ավելի շատ հեռանում են ոչ թե այն պատճառով, որ չեն կարողանում գործել, այլ այն, որ աշխատող մարդուն թույլ չեն տալիս ինքնուրույն տնօրինել սեփական ճակատագիրը։

–Մարդիկ կմնան Հայաստանում, եթե իրե՛նք կարողանան տնօրինել իրենց գործունեությունը, եթե հավատա՛ն։ Այսօր երկրում անվստահության մթնոլորտ է, արժանապատվության կորուստ է տիրում ամենուր,–ասել  է նա։

Հրանուշ Խառատյանը պնդել է, որ անհրաժեշտ են փոփոխություններ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը