Լրահոս

20.05.2011 15:10


Կանայք առաջարկում են մայրերին աշխատատեղերով ապահովող և երեխաների ցերեկային խնամքի պայմաններ ստեղծող գործատուներին հարկային արտոնություններ տալ

Կանայք առաջարկում են մայրերին աշխատատեղերով ապահովող և երեխաների ցերեկային խնամքի պայմաններ ստեղծող գործատուներին  հարկային արտոնություններ տալ

Մամուլի  ազգային ակումբում կայացած մամլո ասուլիսի ժամանակ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ ԱՄՆ ազգային ժողովրդավարական ինստիտուտի կազմակերպած «Կանայք քաղաքականության մեջ» թեմայով համաժողովի մասնակից առաջնորդ կանայք հայտարարել են, թե համաժողովի ժամանակ ընդունվել է Կանանց հիմնախնդիրների հայեցակարգի (պլատֆորմի) նախագիծ։

Ըստ կին առաջնորդների համակարգող խորհրդի անդամ Դուստրիկ Մխիթարյանի՝ սահմանվել է հիմնականում 4 հայեցակարգ։

–Հայեցակարգերը վերաբերում են կանանց քաղաքական մասնակցությանը, տնտեսական մասնակցության խրախուսմանը, ընտանեկան և գենդերային բռնությունների նվազեցմանն ու կանանց առողջությանը։ Մենք արդեն նամակ ենք գրել և՛ ՀՀ նախագահին, և՛ ԱԺ նախագահին, և ներկայացրել ենք մեր այս հայեցակարգը,–ասել է նա։

«Ընտրությունը քոնն է» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Հասմիկ Սարգսյանն էլ ասել է, թե առաջարկ է արվել մայրերին աշխատատեղերով ապահովող և նրանց երեխաների համար ցերեկային խնամքի պայմաններ ստեղծող գործատուներին հարկային արտոնություններ տրամադրել և այլն։

–Նախագծում տեղ են գտնել  կանանց քաղաքական մասնակցությունը խթանելուն ուղղված  այնպիսի հայեցակարգային հոդվածներ, ինչպիսիք են գնեդերային հավասարությունն ապահովելու  նպատակով ընտրական օրենսդրության վերանայումը, համամասնական ընտրացուցակներում կանանց ներկայացվածության բարձրացումը։ Առաջարկ է հնչել կառավարման բոլոր  մակարդակներում՝ թե՛ նշանակվող, թե՛ ընտրվող պաշտոններում, կանանց համար սահմանել բարձր քվոտաներ,–ասել է նա։

Կին առաջնորդների ֆորումի անդամ, քաղաքական գիտությունների թեկնածու Թամարա Գևորգյանն էլ  նշել է, թե առաջարկվել է, որ ԱԺ–ում պարտադիր պետք է ներգրավված լինեն առնվազն 30% կանայք։

«7օր»–ի հարցին, թե ի՞նչ ուղիներով են այս հայեցակարգերը առաջարկվելու օրենսդիր և գործադիր մարմիններին, Թամարա Գևորգյանը պատասխանել է՝ աշխարհին հայտնի բոլոր քաղաքակիրթ միջոցներով՝ օրենսդրական նախագծեր, առաջարկություններ և այլն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը