Լրահոս

20.05.2011 13:55


Հայաստանի պետական մարմինների տեղեկատվական թափանցիկության մակարդակն ըստ ԽԱՊԿ–ի

Հայաստանի պետական մարմինների տեղեկատվական թափանցիկության մակարդակն ըստ ԽԱՊԿ–ի

Այսօր լրագրողների հետ է հանդիպել Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը։ Նա տեղեկացրել է, որ ԽԱՊԿ–ը 2011թ. փետրվար–ապրիլ ամիսներին դիտարկում է իրականացրել Հայաստանի պետական մարմինների կայքերում՝ պարզելու դրանց տեղեկատվական թափանցիկության մակարդակը։ Դիտարկման շրջանակներում ուսումնասիրվել են պետական մարմինների 39 կայքեր, որոնք բաժանվել են 3 խմբի։ Առաջին խմբում ընդգրկված են ՀՀ նախարարությունների և կառավարությանն առընթեր մարմինների 24 կայքեր, երկրորդում՝ երկրի 10 մարզերի պաշտոնական կայքեր, իսկ երրորդ խմբում ներառված են ՀՀ նախագահի, ՀՀ ԱԺ–ի, ՀՀ կառավարության, ՀՀ սահմանադրական դատարանի և ՀՀ դատախազության կայքերը։

Ըստ անցկացված հետազոտությունների՝ առաջին խմբում թափանցիկության ամենաբարձր վարկանիշ ունի Տրանսպորտի և կապի նախարարությունը՝ 46,96% արդյունքով։ Նրան հաջորդում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը՝ 45,85%–ով։ Երրորդ տեղում է գյուղատնտեսության նախարարությունը՝ 40,30%–ով։ Բանախոսն ավելացրեց, որ չի դիտարկվել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը, քանի որ այն կայք չունի։

Երկրորդ խմբում ընդգրկված ՀՀ մարզերի կայքերից առաջատարը Արմավիրի մարզինն է՝ 30,00% արդյունքով։ Երկրորդ տեղում է Սյունիքի մարզի կայքը՝ 29,01% ցուցանիշով, իսկ երրորդում՝ 27,17%–ով, Արագածոտնի մարզն է։

Վերջին խմբում ընդգրկված պետական կառավարման մարմինների կայքերի ուսումնասիրությունը բերել է հետևյալ արդյունքների՝ ՀՀ դատախազության կայք՝ 56,88% , Ազգային ժողովի կայք՝ 48,39%,  43,22%–ով հաջորդում է ՀՀ սահմանադրական դատարանի կայքը, ՀՀ կառավարության կայք՝ 42,65%–ով, ՀՀ նախագահի կայք՝ 33,03% ցուցանիշով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը