Հարցազրույց

20.05.2011 10:44


Արսեն Կարապետյան(Shur Dabavog).

Արսեն Կարապետյան(Shur Dabavog).

Հարցազրույց ճարտարապետ Արսեն Կարապետյանի (Shur Dabavog) հետ

-ՀՀ կառավարությունը մտադիր է Հանրապետության հրապարակի տեսքն ամբողջացնելու և երկրի գլխավոր հրապարակի նոր խորհրդանիշը դարձնելու նպատակով Հանրապետության հրապարակում վեր խոյացնել 50 մետր բարձրությամբ և շուրջ 30 մետր տրամագծով հսկա տուֆակերտ աշտարակ՝ այդպիսով վերականգնելով մայրաքաղաքի թամանյանական նախագծի այդ բաղադրիչը։ Ի՞նչ կարծիք ունեք այս նախագծի մասին։ Արդյոք այն իրո՞ք ամբողջովին կփոխի Հանրապետության հրապարակի դեմքը (դրական իմաստով)՝ ավարտուն տեսքի բերելով կառավարության շենքի նախագիծն ըստ սկզբնական էսքիզների։

-Իմ կարծիքով այս նախաձեռնությունը ժամանակավրեպ է: Հրապարակը մեր քաղաքի կարևորագույն հանգույցներից մեկն է, ունի շատ երկար պատմություն, որի գնահատականը միանշանակ չէ: Հրապարակը արդյունք է նաև մեկը մյուսին հետևող, հաճախ իրարամերժ գաղափարական մոտեցումների, և ասել, որ այսօրվա հրապարակը Թամանյանի ստեղծագործությունն է, ճիշտ չէ: Թե՛ սկզբունքները, թե՛ երկրաչափական ձևը, փողոցների հեռանկարներն ու ուղղությունները, ծավալների և ակցենտների դասավորվածությունը, սիմետրիայի առանցքները.... գրեթե ամեն ինչ փոփոխվել է անընդհատ: Ասել, որ գմբեթի կառուցումով հրապարակը կբերենք ավարտուն տեսքի, մեղմ ասած, միամտություն է: Մյուս կողմից, հասկանալի չէ, թե որն է կոնկրետ այս հարցում շտապողականության պահանջը: Չկա նաև միասնական ընդհանուր մոտեցում, շարժում՝ մեծից փոքրը, այսինքն՝ քաղաքից, հրապարակի ապագայի ընդհանուր հայեցակարգը հասկանալուց և ճշտելուց հետո նոր պետք էր անդրադառնալ անմիջականորեն շենքի նախագծման հարցերին:

Դուք նաև «Պահպանե՛նք «Կինոմոսկվայի» բացօթյա դահլիճը» քաղաքացիական խումբ–նախաձեռնության հիմնադիրներից էիք: Այն ժամանակ Ձեր պայքարը կարծես արդյունք տվեց՝ Ամառային դահլիճի տեղում եկեղեցի չկառուցվեց։ Բայց հիմա էլ Երևանի կենտրոնում՝ Ս. Աստվածածին (Կաթողիկե,13-րդ դ.) եկեղեցու հարևանությամբ կառուցվում է Ս. Աննա եկեղեցին, իսկ մի քանի մետր հեռավորության վրա՝ եռահարկ կաթողիկոսական երևանյան նստավայրը: Ինչպե՞ս սա կանդրադառնա մայրաքաղաքի ճարտարապետության վրա, և որքանո՞վ եք բարոյական համարում նման որոշումը:

Ուզում եմ միանգամից շատ հստակ ասել, որ հարցադրումը ճիշտ չէ. մենք պայքարում էինք ոչ թե եկեղեցի կառուցելու, այլ կինոթատրոնը քանդելու դեմ: Եվ Ս. Աստվածածին եկեղեցու հարևանությամբ եկեղեցի կառուցելուն ես անձամբ դեմ չեմ, բայց քաղաքաշինական տեսակետից նորից շատ անհասկանալի ընթացք ունեցանք: Նախ՝ Հայաստանի առաջին ակադեմիայի շենքի քանդելը հիմնավորված չէր. կարելի էր այդ շենքն օգտագործել եկեղեցու նպատակների համար, վերակառուցել առաջին հարկը, օրինակ՝ բացել դեպի բակային տարածք: Ինչևէ, անցել-գնացել է: Խնդիր ունենք կառուցելու նոր եկեղեցի: Ինչո՞ւ չէր կարելի ավելի լուրջ վերաբերվել քաղաքաշինական բաղադրիչին, մրցույթ հայտարարել, համեմատել, գտնել լավագույն լուծումը: Ի՞նչ սկզբունքներով է ընտրվել հենց այս նախագիծը՝ ոչ ոք չգիտի: Հրապարակվել էր, օրինակ, ճարտարապետ Ալեքսանյանի առաջարկը, որը, իմ կարծիքով, շատ ավելի հետաքրքիր լուծումներ էր առաջարկում: Եվ խոսքը շենքի ձևի և զարդանախշերի մասին չէ, այլ սկզբունքային հարցերի, օրինակ՝ հին եկեղեցու, հուշարձանի և նորի հարաբերության, մարդկանց հոսքերի, մետրոյի մուտքի և այլն:

Ընդհանրապես ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում այսօր ստեղծված բարոյահոգեբանական, սոցիալական ու քաղաքական մթնոլորտը։ Ի՞նչ գնահատական կտաք ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությանը բոլո՛ր ոլորտներում։

Իմ համար ամենացավալին այն է, որ ես չեմ տեսնում, թե ուր է ուղղված մեր զարգացման վեկտորը, ո՞ւր ենք գնում: Եվ մարդիկ մեծամասնությամբ բացարձակ չեն վստահում իշխանություններին, իսկ առանց վստահության պաշարի ոչ մի ծրագիր չի կարող իրականություն դառնալ:

Ըստ Ձեզ՝ առաջին հերթին ի՞նչ է անհրաժեշտ Հայաստանում համակարգային փոփոխությունների հասնելու համար։

Երևանը հաջողվեց կառուցել գրեթե զրոյից անցյալ դարի սկզբում, քանի որ կար շատ հստակ պատկերացում, որ սա մեր մայրաքաղաքն է՝ համայն հայության կենտրոնը: Դա՛ էր դրդիչ ուժը, որը հազարավոր կայացած մասնագետների՝ ճարտարապետների, երաժիշտների, ինժեներների, ստիպեց թողնել ապահովված կյանքը և գալ խեղճ ու կրակ, սոված փոքր երկիր: Այսօր մենք կորցրել ենք կենտրոն լինելու զգացողությունը և ցանկությունը, այդ պատճառով էլ մարդիկ լքում են Հայաստանը: Կարծում եմ՝ փոփոխությունները գաղափարախոսությունից պիտի սկսվեն:

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը