Լրահոս

20.05.2011 00:33


ԼՂՀ խորհրդարան. «Իրավիճակի հնարավոր սրման համար պատասխանատվությունը կծանրանա նաև միջնորդների վրա»

ԼՂՀ խորհրդարան. «Իրավիճակի հնարավոր սրման համար պատասխանատվությունը կծանրանա նաև միջնորդների վրա»

ԼՂՀ 5-րդ գումարման Ազգային ժողովի 2011թ. մայիսի 19-ի լիագումար նիստում ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Վահրամ Աթանեսյանը խորհրդարանի քաղաքական ուժերի անունից հանդես է եկել հայտարարությամբ: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայությունը: «Լրացավ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության գոտում զինադադարի 17 տարին: Ցավոք, ադրբեջանական կողմը հերթական անգամ փորձ արեց նենգափոխել իրողությունը և կասկածի տակ առնել իրավական ուժ ունեցող պայմանավորվածության իսկությունը: Քարոզչական այդ ձեռնարկումն ուղեկցվեց շփման գծում լարվածությամբ, որի հետևանքով արձանագրվեց ԼՂՀ խաղաղ բնակչի` դիպուկահար կրակոցով սպանության փաստ: Մենք ափսոսում ենք, որ ադրբեջանական կողմի ոտնձգություններն անհրաժեշտ և անհետաձգելի հակազդեցության չեն արժանանում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կողմից, որը կոչված է միջնորդություն իրականացնել հակամարտության բոլոր կողմերի միջև` հասնելու վերջնական խաղաղության: Մեզ համար գնալով ակնհայտ է դառնում, որ ադրբեջանական իշխանությունները պատրաստ չեն վիճելի հարցերը խաղաղ բանակցությունների միջոցով կարգավորելուն և ամեն ինչ անում են, որպեսզի իրավիճակն ավելի սրվի: ԼՂՀ Ազգային ժողովի քաղաքական ուժերը լիովին պաշտպանում են հակառակորդի սադրանքներին համարժեք պատասխան տալու ուղղությամբ ձեռնարկվող քայլերը: Մենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին հորդորում ենք իրենց միջնորդական մանդատը կիրառել ամբողջ ծավալով` զսպելու Ադրբեջանի ռազմատենչ գործողությունները: Հակառակ դեպքում իրավիճակի հնարավոր սրման համար պատասխանատվությունը կծանրանա նաև միջնորդների վրա»,- նշված է հայտարարության մեջ»: Հայտարարության տակ ստորագրել են` ԼՂՀ ԱԺ «Հայրենիք», «Ժողովրդավարություն», «Դաշնակցություն» խմբակցությունները և «Արցախատուն» պատգամավորական խումբը:

Այս խորագրի վերջին նյութերը