Լրահոս

19.05.2011 18:09


Հայերի ներդրումը Հայրենական պատերազմի հաղթանակի նվաճման գործում» խորագրով քննարկում Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանում

Մայիսի 18-ին Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում տեղի ունեցավ «Հայերի ներդրումը Հայրենական պատերազմի հաղթանակի նվաճման գործում» խորագրով քննարկում, որին մասնակցում էին Ռուսաստանում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանը, Մոսկվայի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմը, բուհի ասպիրանտներն ու ուսանողները:

Կլոր սեղանը կազմակերպվել էր Ռուսաստանում Հայաստանի դեսպանության եւ բուհի պատմության ֆակուլտետի համագործակցությամբ:

Դեսպան Օլեգ Եսայանը դիմելով ներկաներին՝ նշեց, որ Հայրենական պատերազմի հաղթանակի օրը այն եզակի տոներից է, որը միավորում է նախկին ԽՍՀՄ բոլոր ժողովուրդներին եւ վկայում է նրանց միջեւ բարեկամական կապերի մասին: «Հայերի ներդրումը հայրենական պատերազմում հսկայական է, այդուհանդերձ, այս փաստը դեռեւս քիչ է, որպեսզի պատմական ճշմարտությունը փոխանցվի սերնդեսերունդ: Այս առումով մենք պետք է լուրջ աշխատանքներ տանենք, որպեսզի Ռուսաստանի այսօրվա սերունդը ճանաչի հայ ժողովրդին եւ վերստին գնահատնի նրա դերը մեր ընդհանուր պատմության մեջ», - նշել է դեսպանը:

Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի դեկան, Ռուսաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ Սերգեյ Կարպովն, իր հերթին շնորհակալություն հայտնելով դեսպանին հանդիպման համար, նշեց, որ Հայրենական պատերազմի հաղթանակը նախկին ԽՍՀՄ բոլոր ժողովուրդների միահամուռ ջանքերի եւ նվիրվածության արդյունքն է, եւ հաղթանակի նվաճման գործում հայ հերոսների ներդրումն անգնահատելի է:

Ելույթներով հանդես եկան նաեւ Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանի ռեկտոր, Ռուսաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ Եֆիմ Պիվովարը, Մոսկվայի պետական համալսարանի դասախոս, պատմական գիտությունների դոկտոր Լիրա Լեոնովան, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանը, Պատերազմի եւ պատերազմական ծառայության կոմիտեի նախագահի տեղակալ Բագրատ Կնազչյանը, ով Օլեգ Եսայանին եւ Սերգեյ Կարպովին պարգեւատրեց կոմիտեի մեդալներով:

Հանդիպման ավարտին տեղի ունեցավ նաեւ «Հայ ժողովրդի ներդրումը Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակում» ռուսալեզու գրքի շնորհանդեսը, որը ներկայացրեց գրքի համահեղինակ, «Հայաստանում կրթության, գիտության եւ մշակույթի զարգացումը» հիմնադրամի նախագահ Հրանտ Պողոսյանը:

Այս խորագրի վերջին նյութերը