Լրահոս

19.05.2011 18:06


ԳԱԱ–ում տեղի կունենա ՀՀ Կարմիր գրքի շնորհանդեսը

Սույն թվականի մայիսի 20-ին` ժամը` 13:00-ին, ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում տեղի կունենա ՀՀ Կարմիր գրքի շնորհանդեսը:

ՀՀ կառավարության 2010 թվականի հունվարի 29-ի N 71-Ն և N 72-Ն որոշումներով հաստատված Կարմիր գիրքը /2 հատոր/ մշակվել է 2007-2009թթ. ժամանակահտվածում, որի ընթացքում առկա տվյալների և նոր դաշտային ուսումնասիրությունների հիման վրա ՀՀ ԳԱԱ, Երևանի պետական համալսարանի և այլ գիտական հաստատությունների մասնագետների կողմից պատրաստվել է ՀՀ Կարմիր գրքի լրամշակված տարբերակը: Այն դրական եզրակացություն է ստացել ՀՀ բնապահպանության նախարարության կից գործող Կարմիր գրքի վարման հանձնաժողովի կողմից: ՀՀ Կարմիր գիրքը  պատրաստվել  է ըստ Բնության Պահպանության Միջազգային Միության կողմից մշակված միջազգային չափանիշների և լիովին համապատասխանում է «Բուսական աշխարհի մասին» և «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքների պահանջներին:

Հայաստանի Կարմիր գրքի երկրորդ հրատարակության մեջ ընդգրկվել են` բարձրակարգ բույսերի 452 տեսակ, սնկերի 40 տեսակ, կենդանիների 308 տեսակ /153` ողնաշարավոր և 155` անողնաշար/: Բոլոր տեսակների արեալները քարտեզագրվել են GIS համակարգի օգնությամբ: Պատրաստվել են այդ տեսակների լուսանկարներ կամ պատկերանկարներ: Ի դեպ, խորհրդային ժամանակներում հրատարակված Կարմիր գրքերում բացակայում էր տեղեկատվություն Հայաստանի հազվագյուտ և էնդեմիկ սնկերի, ինչպես նաև անողնաշար կենդանիների մասին:

Նախկին Կարմիր գրքերն իրավական կարգավիճակ չունեին և հանդիսանում էին Գիտությունների ազգային ակադեմիայի Բուսաբանության և Կենդանաբանության  ինստիտուտների մի շարք նվիրյալ գիտնականների աշխատանքի արդյունք: Այդ Կարմիր գրքերում գրանցված էին 387 տեսակի բարձրակարգ բույսեր և 99 տեսակի ողնաշարավոր կենդանիներ:

Հրատարակված Կարմիր գիրքն իր բարձր որակով, շարադրանքի հանրամատչելիությամբ, բույսերի ու կենդանիների տեսակների գունավոր լուսանկարներով, քարտեզներով, ինչպես նաև երկլեզվությամբ (հայերեն և անգլերեն) գիտական մեծ արժեք է ներկայացնում և ընկալելի է հանրության տարբեր շերտերի և օտարազգի մասնագետների համար: Այն կարևոր նշանակություն ունի Հայաստանի կենսաբանական բազմազանության հազվագյուտ և էնդեմիկ տեսակների պահպանության գործընթացներն առավել արդյունավետ կազմակերպելու գործում:

ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Այս խորագրի վերջին նյութերը