Լրահոս

19.05.2011 17:06


ՌԱՀՀԿ-ի եզրահանգմամբ` նոր իրավիճակը ԼՂՀ խնդրի հանդեպ նոր մոտեցումներ է պահանջում

Հայաստանում եւ միջազգային ասպարեզում արցախյան խնդրի նորովի արծարծման հրամայականի շուրջ էին Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում (ՌԱՀՀԿ) այսօր ծավալված բուռն քննարկումները:

Հրավիրված էին ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ու միջազգային կառույցների ներկայացուցիչներ, քաղաքագետ-վերլուծաբաններ, փորձագետներ եւ լրագրողներ:

«Ղարաբաղյան խնդիրը Հայաստանում եւ միջազգային ասպարեզում. նոր վիճակ, հին մոտեցումներ» թեմայով սեմինար-քննարկումը բացեց ՌԱՀՀԿ փորձագետ Էդգար Վարդանյանը: Նա ասաց. «Վերջին շրջանի աշխարհաքաղաքական զարգացումները մեզ ստիպում են ավելի հաճախ անդրադառնալ արցախյան հիմնահարցին, սակայն դրանից անորոշությունը հասարակության շրջանում չի պակասում: Այս քննարկումը նպատակ ունի նաեւ լույս սփռել խնդրի` հանրորեն հետաքրքրություն ներկայացնող որոշ դիտանկյունների վրա»:

Իր զեկույցում ԼՂՀ անկախության ճանաչման հնարավոր հետեւանքներն ու առկա մտավախությունների համատեքստը դիտարկեց միջազգային իրավունքի մասնագետ Անդրիաս Ղուկասյանը` ընդգծելով խնդրի նկատմամբ նոր, համարձակ մոտեցումներ որդեգրելու եւ իրենց սպառած հին մտակաղապարներից ձերբազատվելու կարեւորությունը: Հակամարտության կարգավորմանն ուղղված քայլերում, այդ թվում Արցախի ճանաչման գործընթացում, ըստ զեկուցողի, պետք է օգտվել ոչ միայն ՄԱԿ-ի` ինքնորոշման իրավունքի ճանաչման խարսխից, այլեւ հենվել Տարածաշրջանային պայմանագրի եւ Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների վրա: Մանավանդ որ արդեն կան Կոսովոյի, Աբխազիայի ու Հարավային Օսիայի նախադեպերը: «Ժամանակն է, որ Հայաստանը վերանայի ԼՂ իրավահավասարության եւ հարակից խնդիրների նկատմամբ իր դիրքորոշումները, ազատվի այն կարծրատիպերից, որոնք գոյություն ունեին 15-20 տարի առաջ եւ այս ընթացքում որեւէ զարգացում չեն ապրել»,- նշեց իրավագետը:

«Ղարաբաղյան խնդիրը Հայաստանի քաղաքական օրակարգում» վերտառությամբ իր զեկուցման մեջ ՌԱՀՀԿ տնօրեն Մանվել Սարգսյանը նույնպես անդրադարձավ արմատացած կարծրատիպերին` նկատելով, որ գրեթե ցանկացած երեւույթ մեզանում, որպես կանոն, սկսել են պայմանավորել ղարաբաղյան գործոնով, ինչը խիստ վտանգավոր է: Նույնքան վտանգավոր` որքան եւ մեր ակտիվությունը լրջորեն սահմանափակող այն մտայնությունը, թե խնդիրը պետք է լուծվի ԵԱՀԿ ՄԽ շրջանակում եւ վերջ: «Իսկ ի՞նչ պետք է անենք ինքներս,- հարցրեց Սարգսյանը եւ փորձեց պարզաբանել,- 17 տարի է` ընդամենը մեկ գործառույթ ունենք` ապահովել անվտանգությունը մի տարածքի, որը մինչեւ հիմա որեւէ միջազգային կամ գոնե քաղաքական կարգավիճակ չունի եւ ճանաչվում է իբրեւ «օկուպացված տարածք»: Սարգսյանի համոզմամբ` մինչեւ չունենանք ԼՂ տարածքի հստակ ձեւակերպված կարգավիճակը, բանակցային գործընթացում հաջողության չենք հասնի: Իսկ խնդրի առնչությամբ կայացվող այլեւայլ որոշումները, նրա կարծիքով, միայն մոտեցնում են պատերազմի հավանականությունը, որովհետեւ ուժ կիրառելու իրավունքը միշտ թողնվում է Ադրբեջանին:

Այս խորագրի վերջին նյութերը