Լրահոս

19.05.2011 16:47


Արագածոտնի մարզպետը երդվում է, որ չի խառնվում դպրոցների ուսուցիչների և հատկապես ոչ մասնագետ ուսուցիչների նշանակմանը

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը ՀՀ փոխվարչապետին ուղղված նամակով Արագածոտնի մարզում կուտակված խնդիրների վերաբերյալ առաջարկել էր կազմակերպել քննարկում, որը տեղի է ունեցել  սույն թվականի մայիսի 16-ին Արագածոտնի մարզպետարանում: Քննարկման արդյունքներն ու  այնտեղ ծագած հարցերն  այսօր պատգամավորն ուղղել է ՀՀ փոխվարչապետին, որոնք էլ ստորեւ ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

«Մայիսի 16-ին Արագածոտնի մարզպետարանում պարոն Արտաշես Բախշյանի, մարզպետ պարոն Սարգիս Սահակյանի եւ տարբեր ոլորտների բավական ներկայացուցչական պաշտոնյաների ու որոշ լրատվամիջոցների մասնակցությամբ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ քննարկվեցին մարզի քաղաքացիների կողմից բարձրացված բազմաթիվ հարցեր: Մասնավորապես, պարզվեց, որ Բյուրականի գյուղապետն ու ավագանու անդամները 2010 թվականի փետրվարի 2-ին նամակով դիմել են Ձեզ` Բյուրականի բնակչության սեփականությունը վկայագրելու գործընթացն ապահովելու խնդրանքով: Մինչ օրս Բյուրականի բնակիչները չեն օգտվել պետական գրանցման անվճար հնարավորությունից ու այսօր սեփականության վկայական տալու համար նրանցից գումար են պահանջում, չնայած գյուղապետն ասաց, որ անվճար է տրվելու:

1. Ե՞րբ եւ ի՞նչ կարգով է լուծվելու Բյուրական համայնքի սեփականության վկայականների խնդիրը:

2. 2010թ. դեկտեմբերի 7-ի 01/15/7192-10 թվակիր նամակով հայտնում եք, որ ,Իրինդ-Արտենիե ջրամատակարարման համակարգի բարելավման նպատակով 2011թ. պետբյուջեով նախատեսվել է 305մլն դրամ: Ի՞նչ է արվել ,Իրինդ-Արտենիե ջրամատակարարման համակարգի բարելավման ուղղությամբ:

3. Նույն նամակում հայտնել եք, որ 2010թ. Թալինի ՋՕԸ–ի կողմից ոռոգվող տարածքների ջրամատակարարման համար էլեկտրաէներգիայի գծով ծախսը` 388.8մլն դրամ է եղել, իսկ ոռոգման ջրի գծով ծախսը` 33.9մլն դրամ: Ընդամենը` 422.7մլն դրամ, որը կազմում է ընկերության ընդհանուր ծախսի 73%-ը: Այսինքն ամբողջ ծախսը կկազմի 579մլն դրամ: Հաստատված ոռոգման ջրի ինքնարժեքը եղել է 25.6 դրամ/խմ, իսկ սակագինը` 11դր/խմ: Տարբերությունը մարելու համար պետությունը Թալինի ՋՕԸ–ին հատկացրել է 361.4մլն սուբսիդիա: Փաստորեն Թալինի ՋՕԸ-ը 2010 թվականին բնակիչներից ոռոգելու համար պետք է հավաքագրեր 579-361.4=218 մլն դրամ:

Ըստ ՀՀ տարածքայի կառավարման նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ պ. Անդրեասյանի 2011թ մայիսի 11-ի N01/06/874-11 թվակիր նամակի, 2011թ.

Թալինի ՋՕԸ-ի կողմից ոռոգվող նույն 5650.0հա տարածքի ջրամատակարարման համար էլեկտրաէներգիայի ու ոռոգման ջրի գծով ծախսը միասին կազմել է 416.5մլն դրամ, որը կազմում է ընկերության ընդհանուր ծախսի 76.6%-ը: Ամբողջ ծախսը կկազմի 543.7մլն դրամ: Ոռոգման ջրի հաստատված ինքնարժեքը 2011թ. 22.4 դրամ/խմ է, այսինքն էժանացել է 3.2 դրամով, իսկ սակագինը մնացել է 11դր/խմ: Տարբերությունը մարելու համար պետությունը Թալինի ՋՕԸ–ին 2011-ն հատկացրել է 316.4մլն սուբսիդիա: Փաստորեն Թալինի ՋՕԸ-ն 2011 թվականին բնակիչներից նույն 5650 հա-ը ոռոգելու համար պետք է հավաքագրի 543.7-316.4=227 մլն դրամ:

Այսինքն, ջրի ինքնարժեքը 2011-ին իջել է 3.2դրամով, բայց բնակիչներից հավաքագրվող գումարը, պետական սուբսիդիան պակասեցնելու պատճառով ավելացել է 9 միլիոնով:

Ելնելով վերոնշյալ թվաբանությունից` խնդրում եմ ,Ազգային ժողովի կանոնակարգե ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի համաձայն 10-օրյա ժամկետում պատասխանել.

4. Ինչո՞վ է պայմանավորված նույն տարածքի ոռոգման համար 2010 եւ 2011 թվականներին էլեկտրաէներգիայի ու ոռոգման ջրի գծով ծախսերի տարբերությունը`422.7 եւ 416.5 մլն դրամ,

5. Ինչո՞ւ է նույն տարածքի ոռոգման համար 2010-ին էլեկտրաէներգիայի ու ոռոգման ջրի գծով ծախսը կազմել ընկերության ընդհանուր ծախսի 73%-ը, իսկ 2011-ին` 76.6%-ը,

  1. 2011-ին Թալին ՋՕԸ–ում ոռոգման ջրի ինքնարժեքը փաստորեն իջել է 3.2դրամով, ինչո՞վ է բացատրվում բնակիչներից հավաքագրվող գումարի ավելացումը 9 միլիոնով,
  2. 2011թ. ոռոգման ջրի ինքնարժեքի վերաբերյալ պ. Անդրեասյանի 22.4դրամ/խմ ու Թալին ՋՕԸ-ի տնօրեն պարոն Կրպեյանի 36.17 դրամ/խմ տվյալները խիստ տարբեր են: Ո՞ր սակագնով է պետությանը տրվելու հաշվետվություն:
  3. ՋՕՄ-ի անդամավճարը Ամբերդ ՋՕԸ-ում 1000 դրամ/խմ է, իսկ Թալին ՋՕԸ-ում 5000 դրամ/խմ:
  4. 2010 թվականին Թալին ՋՕԸ–ը որքա՞ն գումար է հավաքագրել բնակիչներից:

Վերոնշյալ քննարկման ժամանակ պ. Կրպեյանի բացատրության հետ ընկերության անդամները համաձայն չեն: Կարծում եմ, անդամավճարի գաղափարը պետք է վերանայել, որովհետեւ քաղաքացին վճարում է ծախսած ջրի դիմաց ճիշտ այնպես, ինչպես, առանց անդամավճար տալու բոլորս վճարում ենք խմելու ջրի, հեռախոսի, էլեկտրաէներգիայի վարձերը: Ինչի՞ համար է անդամավճարը:

Ձեզ եմ ներկայացնում նաեւ ՀՀ պաշտպանության նախարար պարոն Օհանյանի ինձ տրամադրած նամակների պատճեները` 2010-ի եւ 2011 թվականի հունվարի 1-ի դրությամբ ՀՀ ԶՈՒ զորամասերում ժամկետային պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող, գրագիտություն չունեցող եւ գրավոր հայերենին չտիրապետող, ըստ մարզերի, զինծառայողների քանակական տվյալների մասին: Արագածոտնի մարզից 2010-ին 25, 2011-ին 29 գրագիտություն չունեցող զինվոր:

Առաջարկում եմ մարզպետների գործունեության տարեկան գնահատման ժամանակ հաշվի առնել նաեւ այս հանգամանքը»:

Այս խորագրի վերջին նյութերը