Լրահոս

19.05.2011 16:32


Շիրակի մարզում մրցում են, թե որ համայնքն է ավելի աղքատ

ՀՀ Տարածքային կառավարման նախարարությունը խմբավորման է ենթարկել հանրապետության գյուղական համայնքները, և նրանցից 317-ը ճանաչվել են առավել աղքատ: Այս ցանկում ընդգրկված է նաև Շիրակի մարզը՝ 15 չքավոր գյուղերով: Այս հանգամանքը տարակուսելու տեղիք է տվել գյուղոլորտի մասնագետներին և մարզի որոշ համայնքապետերի, որոնց կարծիքով շատ տարօրինակ է, որ Շիրակի մարզը համարվում է սոցիալապես ամենաանապահով մարզերից մեկը, սակայն ընդամենը 15 գյուղ է համարվել աղքատ: Աղքատության մակարդակի ճշտման առումով կառավարության կիրառած չափորոշիչները տարօրինակ է համարում նաև Շիրակի մարզի Թորոս գյուղի համայնքապետ Արմեն Սարգսյանը։

«Ես չգիտեմ, թե կառավարությունն ինչ չափորոշիչներով է փորձել որոշել՝ որ համայնքն է աղքատ: Ես այդ հարցին չեմ կարող պատասխանել: Իսկ որ Արագածոտնի մարզում 45 աղքատ համայնք կա, իսկ Շիրակի մարզում՝ 15, դա, բնականաբար, զարմանք կառաջացնի ցանկացած մարդու մոտ: Ես գիտեմ համայնքներ, որոնք չի կարելի աղքատ համարել, ավելի շատ նրանց կողքի համայնքն է աղքատ, բայց այդ մյուսն է ընտրվել աղքատ»,-նկատել է Թորոս գյուղի համայնքի ղեկավար Արմեն Սարգսյանը:

Իսկ Շիրակի մարզպետարանի գյուղվարչության պետ Մովսես Մանուկյանի կարծիքով էլ շատ համայնքներ իրենց կարգավիճակով շատ նման են, ուստի շատ դժվար է ասել, թե որն է որից աղքատ։

«Եթե այդ համայնքները վերցնենք, չափորոշիչներով նայենք, ու նայենք ուրիշ համայնքների, ապա նույն ապրելակերպն է, նույն ենթակառուցվածքներ ունեցող համայնքները, տարբերություն չկա»,- նշել է Մովսես Մանուկյանը:

Որոշ համայնքապետերի կարծիքով էլ աղքատ գյուղերի ընտրությունը պատահական չէ. հնարավոր է՝ ինչ-որ օգնություն է նախատեսված այդ գյուղերին, ուստի բոլորը փորձում են աղքատ ձևանալ:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը