Լրահոս

19.05.2011 16:18


Սեյրան Օհանյան. «Պատերազմի դեպքում Հայաստանն իրավունք ունի հույս դնել ՀԱՊԿ–ի արձագանքի վրա»

Սեյրան Օհանյան. «Պատերազմի դեպքում Հայաստանն իրավունք ունի հույս դնել ՀԱՊԿ–ի արձագանքի վրա»

Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի դեպքում Հայաստանն իրավունք ունի հույս դնել ՀԱՊԿ–ի համապատասխան արձագանքի վրա։ Այս մասին ՀԱՊԿ–ի պատասխանատվության գոտում Անդրկովկասի անվտանգության ապահովման հարցերով Երևանում կայացած միջազգային խորհրդաժողովում հայտարարել է ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։

–1994–ին մենք այդ խնդիրն արդեն ինքնուրույն լուծել ենք, իսկ այսօր, հաշվի առնելով ՀԱՊԿ–ում Հայաստանի անդամությունը, մենք կարծում ենք, որ իրավունք ունենք հույս դնել ՀԱՊԿ–ի մեր դաշնակիցների համապատասխան արձագանքի ու աջակցության վրա, որոնք առաջին հերթին պարտավորություններ ունեն միմյանց նկատմամբ, երկրորդ՝ հստակ հնարավորություններ հնարավոր ագրեսիային օպերատիվ արձագանքելու համար,– ասել է Սեյրան Օհանյանը։

Օհանյանի կարծիքով ՀԱՊԿ–ի պատասխանատվության գոտում ռազմաքաղաքական իրավիճակը հատկապես բարդ է ու միանշանակ չէ։ Հարավային Կովկասում իրավիճակը նա գնահատել է անկանոն, պոտենցիալ պայթյունավտանգ և անկայունությամբ հղի։

–Հաշվի առնելով աշխարհագրական դիրքի ինքնատիպությունը՝ Հայաստանը, որը ՀԱՊԿ–ի դաշնակիցների հետ սահմաններ չունի, հատկապես հետաքրքրված է իրավիճակի շուտափույթ հաղթահարումով և սեփական սահմանների ամրապնդումով,– նշել է Օհանյանը։

Նա նշել է, որ ղարաբաղյան հակամարտության չլուծված լինելը հատուկ նշանակություն ունի Հայաստանի համար։

–Մենք միանշանակ հանդես ենք գալիս խնդրի խաղաղ կարգավորման օգտին և հույս ունենք, որ ՀԱՊԿ–ի դաշնակիցները կհասկանան և կընդունեն մեր դիրքորոշումը։

Միաժամանակ նախարարը նշել է, որ Ադրբեջանը ՀԱՊԿ բոլոր երկրների կողմից ընդունելի և արդեն գոյություն ունեցող ԵԱՀԿ ՄԽ–ի ձևաչափից, որի համանախագահները ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի անդամ երկրների ներկայացուցիչներն են, փորձում է հարցը տեղափոխել այլ ատյաններ։

Նրա համոզմամբ՝ իրավիճակը վատանում է նրանով, որ Բաքուն իր հակահայկական հռետորաբանության մեջ ներգրավում է նաև այլ երկրներ, առաջին հերթին՝ Թուրքիային, որն իրականացնում է Հայաստանը տնտեսական և տրանսպորտային շրջափակման ենթարկելու քաղաքականություն։

–Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ Ադրբեջանի կողմից ռազմական գործողութունների վերսկսման դեպքում մենք ստիպված կլինենք ամբողջովին ներգրավել ագրեսորին իր մտադրություններից հրաժարվելու ռազմական գործընթաց,– նշել է Պաշտպանության նախարարը՝ հիշեցնելով, որ Հայաստանը Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորն է։

Այս խորագրի վերջին նյութերը