Լրահոս

19.05.2011 14:48


Րաֆֆի Հովհաննիսյան. «Քաղաքական բոլոր դերակատարներն իրենց համարում են հերթական նախընտրական շրջանում»

Րաֆֆի  Հովհաննիսյան. «Քաղաքական բոլոր դերակատարներն  իրենց համարում են հերթական նախընտրական շրջանում»

«Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանելով հարցին, թե ՀԱԿ–իշխանություն երկխոսության մեջ  այսօր կա՞ ազգային շահ, թե՞ դա ընտրությունների նախաշեմին արվող քայլ է, ասել է, որ դա իրենց խնդիրն է՝ իրենց միջև երկխոսությունը ինչ եզրաբանությամբ է մատուցվում։

–Իհա՛րկե, վերջին 3 տարիների ընթացքում եղել է փոփոխություն, բայց մեզ համար քաղաքական դիալոգի, հանրային երկխոսություն հարցը նոր չէ։ Վերջին նախագահական ընտրություններից հետո ես, որպես քաղաքացի, հանդիպեցի թե՛ Սերժ Սարգսյանի, թե՛ Լևոն Տեր–Պետրոսյանի հետ՝ արտահայտելու մի քաղաքացու տեսակետ առ այն, որ եթե 1991–ից հետո Հայաստանը պետք է վերջապես ունենա «դե յուրե» քաղաքական արդյունք, ապա անհրաժեշտ է,  որ քաղաքական ընտրությունները մտնեն երկրորդ փուլ։ Դրան հետևեց մարտի մեկը, և մենք չսպասեցինք երեք տարի ոչ միայն պահանջելու արդարադատություն բոլոր մեղավորների համար, այլ նաև հրավիրելու քաղաքական երկխոսություն,–ասել  է նա։

Ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ ընդհանրապես երկխոսությունը դրական բան է, բայց  չպետք է հեռանալ իրական նպատակից։

–Մենք ասում էինք, որ  քաղբանտարկյալները  պետք է ազատ արձակվեն ոչ թե 2011–ի մայիսի  28–ի, այլ 2008–ի մայիսի 28–ի նախաշեմին։ Դրա համար էլ թե՛ պահանջները, թե՛ երկխոսության ձևը նոր  չեն, և «Ժառանգությանը» սրտամոտ է եղել այն, որ հիմա նրանք երեք տարի ուշացումով երկուստեք մոտեցել  են։ Դա, իհարկե, ողջունելի է, բայց անհրաժեշտ է, որ մենք չհեռանանք նաև երկխոսության բուն նպատակից ու բովանդակությունից։ Նպատակը պետք է լինի ՀՀ–ում ամբողջական իշխանության արտահերթ և նորովի ձևավորումը,–ասել է նա։

Հարցին՝ ի՞նչն էր պատճառը, որ ՀԱԿ–ը փոխեց իր դիրքորոշումը, Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանել է, որ դա ավելի հստակ կարող է ՀԱԿ առաջորդն ասել։

–Իրենք ասում են, որ  փոփոխություն չի եղել, այլ ընդամենը պահանջների բյուրեղացում և մարտավարական փոփոխություն։ Ես կարծում եմ, որ հանրային միջավայրը փոխվել է, միգուցե կան արտաքին գործոններ, Միջին Արևելքի հեղափոխությունների  ֆոնը, նաև իշխանական և ընդդիմադիր ներքին վերանայումները, բայց ակնհայտ է, որ նույն եզրաբանությունը, նույն դիպուկ բնութագրումները, որ կային մի քանի տարի առաջ, այլևս բացակայում են։ Դա գոնե կարելի է ասել, որ փոփոխություն է։ Հանրային արտահայտություններն էլի արտահերթ ընտրությունների վրա են պնդում, բայց կարծում եմ, որ բոլորս գնալով հասկանում ենք, որ  քաղաքական բոլոր դերակատարներն  իրենց համարում են հերթական նախընտրական շրջանում, և ինչ էլ ասեն մամլո ասուլիսներում ու հարթակից, իրենք արդեն նախապատրաստվում են հատկապես հերթական ընտրություններին,–ասել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը