Լրահոս

19.05.2011 14:36


«Ժառանգության» հանդիպումները եվրոպացի դիվանագետների հետ

Այսօր «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ եւ վարչության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը եւ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ԵՄ պատվիրակության երեւանյան գրասենյակում հանդիպեցին ԵՄ երկրների` Հայաստանում հավատարմագրված դեսպանների ու դեսպանատների դիվանագետների հետ: Հանդիպմանը մասնակցում էին Հայաստանում Միացյալ Թագավորության Նորին Մեծության դեսպան Չարլզ Լոնսդելյը, Ֆրանսիայի դեսպան Անրի Ռեյնոն,  Շվեդիայի թագավորության դեսպան Դիանա Յանսեն, Նիդեռլանդների թագավորության դեսպան Պիտեր Լանգենբերգը, Ռումինիայի, Լեհաստանի, Գերմանիայի փոխդեսպանները:

Րաֆֆի Հովհաննիսյանը համապարփակ ներկայացրեց ,Ժառանգությանե մոտեցումները Հայաստանի ներքին ու տարածաշրջանային մարտահրավերների, անվտանգության խնդիրների, ներքաղաքական զարգացումների վերաբերյալ: Հովհաննիսյանը վերահաստատեց ,Ժառանգությանե նվիրվածությունը ժողովրդավարության հիմնարար արժեքներին` մարդու իրավունքներին ու ազատություններին, իրավունքի գերակայությանը, իշխանության ճյուղերի տարանջատվածությանը եւ հակակշռվածությանը, ազատ եւ արդար ընտրությունների միջոցով իշխանության փոփոխությանը:  Տարածաշրջանային ու անվտանգության խնդիրների համատեքստում նա խոսեց Արցախի Հանրապետության ճանաչման հրամայականի, պատմության հետ առերեսմամբ ու առանց նախապայմանների հայ-թուրքական հարաբերությունների անհրաժեշտության, Հայաստանի ինքնիշխանությանը նետված մարտահրավերների, Հայաստանի երկկողմ ու բազմակողմ հարաբերություններին իրավահավասարություն ու հորիզոնական բնույթ հաղորդելու կարեւորության մասին:

Դեսպանների խնդրանքով Հովհաննիսյանը եւ «Ժառանգության» պատգամավորները ներկայացրեցին նաեւ իրենց տեսլականը ապագա ընտրությունների ու դրանց մարտահրավերների կապակցությամբ: Կարեւորվեցին խորհրդարանական մեծամասնություն-ընդդիմություն երկխոսության, փոխզիջումների ճանապարհով ընտրական օրենսգիրք ընդունելու ու համակարգային բարեփոխումներ իրականացնելու,  2008թ. մարտի 1-ի դեպքերի բազմակողմանի, անաչառ եւ խորքային քննության, քաղբանտարկյալների ազատ արձակման ու տեղի ունեցածին ճշգրիտ իրավա-քաղաքական պաշտոնական գնահատական տալու, հավաքների իրավունքի անխոչընդոտ եւ ազատ իրացման հարցերը` որպես ապագայում նման ողբերգության բացառման երաշխիք:

Այս խորագրի վերջին նյութերը